
Հակոբ Արշակյանն այցելել է Թալին-Լանջիկ ճանապարհահատված

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ (տրանշ-3) ճանապարհահատված, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։
Այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված մի շարք խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր են ձեռնարկվել. համալրվել է մասնագետների քանակը, ավելացվել է շինտեխնիկան։ Բացի այդ, կապալառու ընկերության առաջարկով որոշում էր կայացվել փոփոխել իրականացվող աշխատանքների տեխնիկան ու մեթոդաբանությունը։
Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության մասնագետները Հակոբ Արշակյանին ներկայացնելով իրավիճակը՝ նշել են, որ կատարված փոփոխությունների արդյունքում վերջին շրջանում որոշակի առաջընթաց է գրանցվել և լիահույս են, որ առաջիկայում այն ավելի կբարելավվի։
Չինական կողմի պատասխանատուներն էլ մանրամասնել են բոլոր այն քայլերը, որոնք կատարվում են շինարարության տեմպերն արագացնելու և նախանշված չափորոշիչներին համապատասխան որակ ապահովելու ուղղությամբ։
Հակոբ Արշակյանը հանձնարարել է արագացնել տեմպերը՝ պահպանելով նման ճանապարհների համար նախատեսված նորմատիվային պահանջները և բարձրորակ ճանապարհ կառուցել։
Նախարարի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ «Հյուսիս-հարավի» շինարարությունը կարևորագույն նշանակություն ունի մեր երկրի և ժողովրդի համար, և շինարարության ընթացքը խստագույնս վերահսկվելու է՝ բացառելով որակական որևէ շեղում։