Բաժիններ՝

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը հրավիրել է տարեկան ընդհանուր ժողով

Նոյեմբերի 16-ին Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները, 2017-18 թթ. ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաև ՀԱԱՊ կանոնադրության փոփոխությունները: Պալատը իրավաբանական անձանց միությունից, համաձայն ՀՀ օրենսդրության, վերակազմավորվեց հասարակական կազմակերպության:

Նախքան քվեարկությունը` ՀԱԱՊ-ի տնօրենների խորհրդի համար առաջադրված թեկնածուները հակիրճ ներկայացրին ՀԱԱՊ-ի նպատակներին աջակցելու իրենց տեսլականը: Ընդհանուր ժողովը ՀԱԱՊ-ի նախագահ վերընտրեց «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանին: Վերջինս հանդիսանում է էներգետիկ ոլորտի ամենախոշոր ամերիկյան ներդրումը Հայաստանում, որին է պատկանում Որոտան ՀԷԿ-ը:

Էլինա Մարկարյանը՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության hասարակական գործերի և հաղորդակցության տնօրենը և Ահարոն Լևոնյանը` «Սերաֆիմ Ինդաստրիս» ընկերության գլխավոր ֆինանսական տնօրենը ընտրվեցին ՀԱԱՊ-ի 1-ին և 2-րդ փոխնախագահ/գանձապետ պաշտոններում:

Ընդհանուր ժողովը ընտրեց նաև խորհրդի նոր տնօրենների կազմ, որը, համաձայն կանոնադրության, կղեկավարի երկու տարի ժամկետով:

  • Հայկ Ալոյան, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
  • Իրինա Դումանյան, «Մենթոր Գրաֆիկս Սիմենս Բիզնես» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
  • Դիանա Գազիյան, «Էյչ-Էս-ԲՍի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի հաղորդակցության ղեկավար
  • Կարեն Գարասեֆերյան, «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ-ի կորպորատիվ գործերի և հաղորդակցության ղեկավար
  • Տիգրան Գասպարյան, «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն/գործընկեր
  • Աշոտ Ղազարյան, «Հայաստանի Ամերիկյան Համալսարանի» փոխնախագահ
  • Դիանա Ղազարյան, «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
  • Արթուր Հովհաննիսյան, «Սիներջի Ինթերնեշնըլ Սիսթըմզ» ընկերության գործադիր տնօրեն
  • Դավիթ Սարգսյան, «Ամերիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, գործընկեր

2019 թվականին ՀԱԱՊ-ը կշարունակի իր գործունեությունը ծավալել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, Հայաստանում լավագույն միջազգային փորձի ներդրման, ՀԱԱՊ-ի կողմից ստեղծած «Պատասխանատու գործարարություն» նախագծի շրջանակներում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության աշխատանքների ուղղությամբ: ՀԱԱՊ-ը իր աշխատանքային խմբերի և կոմիտեների միջոցով կաջակցի երկրում իրականացվող բարեփոխումներին՝ միևնույն ժամանակ համագործակցելով այլ պալատների հետ, ինչպես նաև կընդլայնի համագործակցությունը տարածաշրջանային և եվրոպական Ամերիկայի առևտրի պալատների հետ:

ՀԱԱՊ-ը անկախ բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում գործում է 2000 թվականից և ներկայացնում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտների ավելի քան 130 անդամ կազմակերպությունների շահերը: Այն նպատակ է հետապնդում ամրապնդել հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները և բարելավել բիզնես մթնոլորտը և ներդրումային միջավայրը Հայաստանում: ՀԱԱՊ-ը հանդիսանում է ԱՄՆ-ի առևտրի պալատի և Ամերիկայի առևտրի պալատների Եվրոպական խորհրդի անդամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս