«Հայ մնալու, հայությունը պահպանելու այդ բարդ առաքելությունը դուք կատարում եք պատվով». Բակո Սահակյանը Լոս Անջելեսում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 20-ին Լոս Անջելես քաղաքում մասնակցել է «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում կազմակերպված տարեկան ընդունելությանը:
Իր ելույթում Նախագահը «Հայաստան» hամահայկական հիմնադրամի խողովակներով Արցախում իրականացված աշխատանքը որակել է հսկայածավալ՝ խորին երախտագիտություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր մշտական աջակցություն են ցուցաբերում Արցախին կարեւորագույն ռազմավարական ծրագրերի իրականացման գործում:
«Ամերիկահայությունը, մասնավորապես՝ Կալիֆորնիայի հատվածը, մեր ամենակազմակերպված համայնքներից մեկն է, եւ ամեն անգամ այցելելով այստեղ, մենք յուրահատուկ լիցք ենք ստանում՝ տեսնելով հայրենասեր, հայրենիքի հոգսերով ապրող, հոգով ու սրտով նրա անբաժան մասը կազմող մեր հայրենակիցներին: Հայ մնալու, հայությունը պահպանելու այդ բարդ առաքելությունը դուք կատարում եք պատվով»,- շեշտել է Բակո Սահակյանը:
Անդրադառնալով «Հեռուստամարաթոն-2018»-ի շրջանակներում նախատեսվող աշխատանքներին՝ Նախագահը նշել է, որ դրանց իրականացումը կարեւոր դերակատարություն կունենա մեր հանրապետության էներգետիկ եւ պարենային անվտանգության ապահովման գործում:
Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ինչպես միշտ, այս անգամ եւս միասնական ջանքերով կյանքի կկոչվեն բոլոր նախատեսված ծրագրերը: