Բաժիններ՝

ԱՄՆ-ի նախագահը պատրաստ է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի հետ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ կապված սկանդալի ֆոնին։

Լրագրողները Թրամփին հարցրել են, թե նա պատրաստ է արդյոք արքայազնի հետ հանդիպում անցկացնել Արգենտինայում G20-ի գագաթնաժողովում: «Ես չգիտեմ՝ արդյոք նա այնտեղ կլինի, բայց եթե լինի, ապա՝ այո»,- նշել է ԱՄՆ-ի նախագահը:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ բնապաշարների նախարար Հալեդ ալ Ֆալեհը նոյեմբերի 19-ին հայտնել է, որ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ գահաժառանգ արքայազնը կմասնակցի Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի աշխատանքին:

G20-ի գագաթնաժողովը պլանավորված է նոյեմբերի 30-դեկտեմբերի 1-ը Բուենոս Այրեսում: Ավելի վաղ The Washington Post ամերիկյան հրատարակությունը տեղեկատվություն է հրապարակել Կենտրոնական հետախուզական վարչության եզրակացությունների մասին, որոնց համաձայն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդն է պատասխանատու սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի սպանության համար:

Մինչդեռ նախօրյակին Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունում անհիմն են որակել լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության հետ սաուդյան գահաժառանգ արքայազնի առնչության վերաբերյալ հայտարարությունները:

«Մենք թագավորությունում գիտենք, որ գահաժառանգ արքայազնի հասցեին հնչող այդ մեղադրանքները ճշմարտացի հիմքեր չունեն: Եվ մենք կտրականապես հերքում ենք դրանք»,- ասել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ Ջուբեյրն «Աշ Շարք Ալ Աուսաթ» թերթում հրապարակված հարցազրույցում: «Սաուդյան Արաբիայի Թագավորության ղեկավարությունը, որը ներկայացված է թագավորի եւ գահաժառանգ արքայազնի կողմից, կարմիր գիծն է, եւ մենք թույլ չենք տա, որ որեւիցե մեկը փորձի վնասել նրանց»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս