
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի, Իրանի և Սիրիայի ընկերությունների դեմ

ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին հայտարարել է Սիրիայի, Իրանի եւ Ռուսաստանի դեմ հերթական պատժամիջոցների սահմանման մասին: Այս անգամ սահմանափակիչ միջոցների համար առիթ են ծառայել իրանական նավթի՝ տեղ գտած գաղտնի մատակարարումները Դամասկոսին՝ ռուսական կողմի «աջակցությամբ»:
Թեհրանն ստացած եկամուտները, ինչպես պնդվում է, ծախսում է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի եւ ՀԱՄԱՍ ու «Հըզբոլլահ» խմբավորումների ֆինանսավորման համար, որոնց Վաշինգտոնն ահաբեկիչներ է համարում։
Պատժամիջոցները բացատրվում են Սիրիայի հակամարտության շուտափույթ քաղաքական լուծման անհրաժեշտությամբ: Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչներն արդեն խոստացել են, որ պատժամիջոցների ներքո կհայտնվեն բոլոր նրանք, ովքեր կշարունակեն «աջակցել վարչակարգին», այսինքն՝ Սիրիայի կառավարությանը:
Ռուսաստանցի խորհրդարանականներն արդեն հայտարարել են, որ Մոսկվան կշարունակի կատարել Սիրիայի հետ պարտավորագրերի գծով իր հանձնառությունները եւ վստահություն են հայտնել, որ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ազդեցություն չեն գործի ՌԴ-ի տնտեսության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: