
«Եթե մենք Սաուդյան Արաբիայի հետ խզենք հարաբերությունները, նավթի գները մինչև երկինք կթռչեն». Թրամփ

Լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության գործի առնչությամբ Միացյալ Նահանգների կողմից Սաուդյան Արաբիայի դեմ կոշտ միջոցների կիրառումը կհանգեցնի նավթի գների կտրուկ աճի եւ կարող է քայքայել համաշխարհային տնտեսությունը, ուստի Վաշինգտոնը չի պատրաստվում դա թույլ տալ: Նոյեմբերի 20-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան բացատում պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիային, եթե մենք նրանց հետ խզենք հարաբերությունները, կարծում եմ՝ նավթի գները մինչեւ երկինք կթռչեն: Ես զսպում եմ դրանք, նրանք (Սաուդյան Արաբիան) ինձ օգնում են զսպելու դրանք: Այժմ մենք նավթի ցածր գներ ունենք, ես ցանկանում եմ, որ դրանք ավելի ցածր լինեն»,- ընդգծել է պետության ղեկավարը:
«Եթե դուք ցանկանում եք, որ նավթի գները բարձրանան մինչեւ բարելի դիմաց 150 դոլար, Ռուսաստանն, ի դեպ ասած, շատ ուրախ կլիներ դրա համար, միակ բանը, որ դուք պետք է անեք, մեր հարաբերությունները խզելն է Սաուդյան Արաբիայի հետ»,- հայտարարել է նա:
«Ես չեմ պատրաստվում քայքայել համաշխարհային տնտեսությունը, եւ ես չեմ պատրաստվում քայքայել մեր երկրի տնտեսությունը՝ անխոհեմ գործողություններ կատարելով Սաուդյան Արաբիայի նկատմամբ»,- հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: