Գեղարքունիքում քարոզչությամբ զբաղվելը Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է. ՀՀԿ
ՀՀԿ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցի ժամանակ ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ, ինչը բոլոր միջազգայնորեն ընդունված բոլոր չափանիշներով վարչական ռեսուրսի չարաշահման կոպիտ դրսևորում է:
Այսպես` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳԻ և Վենետիկի հանձնաժողովի կողմից 2016 թվականին հաստատված «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման արձագանքման և կանխարգելման համատեղ ցուցումների» համաձայն «վարչական ռեսուրսի չարաշահումը» որոշակի կուսակցություններիի կամ թեկնածուների կողմից իրենց պաշտոնական դիրքը օգտագործելու միջոցով անհիմն առավելություն ստանալն է` ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով»:
Վենետիկի հանձնաժողովի 2013 թվականի «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման վերաբերյալ» զեկույցը, ինչպես նաև վերոնշյալ համատեղ զեկույցը սահմանում են, որ «Ընտրական գործընթացի տակ պետք է հասկացվի շատ ավելի լայն ժամանակահատված, քան ազգային ընտրական օրենքով նախատեսված նախընտրական քարոզչության շրջանը»: Այն ներառում է նաև կուսակցությունների կամ թեկնածուների գրանցման շրջանը:
Այդ փաստաթղթերում, որպես վարչական ռեսուրսի չարաշահման օրինակներ են նշվում պաշտոնական միջոցառումները քարոզչական նպատակներով օգտագործելը կամ ինստիտուցիոնալ ռեսուրսները օգտագործելը` աշխատակազմ, ենթակառուցվածքներ, և այլն: Նշվում է նաև, որ չի արգելվում աշխատանքային ժամերից դուրս քարոզչություն անելը:
Ն. Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին` պաշտոնական պարտականությունների կատարում հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում, ինստիտուցիոնալ բոլոր ռեսուրսների օգտագործմամբ:
Կոչ ենք անում վարչապետի պաշտոնակատարին խստորեն պահպանել միջազգային փաստաթղթերով սահմանված կանոնները, բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում` ոչ թե խոսքով այլ գործով: