
Նույնասեռական պաշտոնյաների անունները հրապարակելու ժամանակն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը տեւեց ավելի քան երեք ու կես ժամ: Ասուլիսի ընթացքում Փաշինյանը հիշեցրեց վաղուց մոռացված մի պատմություն` այդպես բացահայտ ձեռնոց նետելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Ասուլիսի ժամանակ խոսվեց իրենց իշխանության դեմ շահարկումներից, թե ակտիվացել են նաեւ ԼԳԲՏ-ները:
«2000-ական թվականներին, երբ ՀՀԿ-ի իշխանության ամենածաղկուն շրջանն էր, ՀՀ-ում հրապարակվել է նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ցուցակ, որոնք ունեն այլ սեռական կողմնորոշում: Այդ ժամանակ այս նույն մարդիկ, չգիտես ինչու, ցույցեր չէին անում, տակից չէին ֆինանսավորում այդ ցույցերը»,- հայտնի պատմությունը հիշեցրեց նա:
Միաժամանակ Փաշինյանը նախազգուշացրեց. «Մենք թույլ չենք տա՝ որեւէ մեկը ճշմարտությունն աղավաղի: Ճշմարտություն եք ուզո՞ւմ մինչեւ վերջ, կբացենք ճշմարտությունը մինչեւ վերջ, եւ այդ 90 տոկոսդ քարուքանդ կլինեք»:
Շատերն, իհարկե, մոռացել են այս պատմությունը:
Հիշեցնենք՝ 2005-2006թթ. «Հայ արիական միաբանություն» կուսակցության առաջնորդ Արմեն Ավետիսյանը հայտարարել էր, թե հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ օրենսդիրում եղած համասեռամոլների ցուցակը:
Նա նույնիսկ այդ ցուցակն ուղարկել էր երկրի բարձրագույն իշխանություններին: Այս թեման իսկական փոթորիկ էր առաջացրել քաղաքական դաշտում, եւ պատճառ դարձավ, որպեսզի Արմեն Ավետիսյանը հայտնվի բանտում:
Տարիներ անց, երբ նա արդեն ազատ էր արձակվել, 2013թ. հոկտեմբերին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, թե ինքը այդ ցուցակները հանձնել է Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին:
Բայց հետո խոստացել է անուններ չհրապարակել: Հիմա, փաստորեն, կրկին արդիական է դառնում հայտնի ցուցակների թեման, եւ, իսկապես, նոր իշխանությունների դեմ անազնիվ պայքարը` այս թեմայի շահարկումը, կարող է բերել նախկինների համար անդառնալի կորուստների»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: