Ռոբերտ Քոչարյանի գրքում կան այնպիսի ճշմարտություններ, որոնք շատերին դուր չեն գա. Վիկտոր Սողոմոնյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի հեղինակած գիրքը շուտով լույս կտեսնի։ Սկզբում կհրատարակվի Մոսկվայում՝ ռուսերեն, քանի որ Քոչարյանը ռուսերեն է գրել, ապա կթարգմանվի հայերեն․ արդեն թարգմանիչներն աշխատում են։ Գիրքն ինքնակենսագրական է և կոչվում է «Կյանք և ազատություն»։
Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մեզ ասաց, որ գրքում Քոչարյանի կյանքն է՝ մանկությունից մինչև մեր օրերը, և ներառում է բավականին հետաքրքիր պատմություններ, որոնց մի մասն ընդհանրապես հանրությանը հայտնի չէ, օրինակ՝ մանկությունից որոշ դրվագներ, ծնողների, եղբոր հետ կապված որոշ փաստեր, իր տոհմի վերաբերյալ պատմություններ։
Գրքում ներկայացված են նաև Քոչարյանի բանակային կյանքը, ծառայության տարիները, արցախյան ազատագրական պայքարը։
«Մանրամասներ կան նաև հայտնի իրադարձությունների մասին, օրինակ՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության, Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի մասին, իր և Կարեն Դեմիրճյանի մտերիմ հարաբերությունների մասին, Սերժ Սարգսյանի մասին։ Առհասարակ, գրքում արծարծված են նորանկախ Հայաստանի գրեթե բոլոր նշանավոր դերակատարները»։
Սողոմոնյանը վստահ է, որ գրքում կան այնպիսի ճշմարտություններ, որոնք շատերին դուր չեն գա։ Իր կյանքի և ազատության մասին պատմող գրքում Քոչարյանն անդրադարձել է նաև իր կարճաժամկետ անազատությանը՝ երկշաբաթյա կալանքին, որից ազատվեց օգոստոսի 13-ին։
Բանտում գտնվելու օրերին գիրքը համարյա պատրաստ է եղել։ Բայց քանի որ սա ևս մի նոր դրվագ էր նրա կյանքում, գրքի հեղինակն ավելացրել է նաև իր՝ անազատության մեջ գտնվելու հատվածը։ Գիրքը ծավալուն է՝ մոտ 500 էջ»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: