«Այս իշխանության համար ինչ-որ չափով փրկություն է, որ հիմա ընտրություն է անցկացվում». Վիգեն Հակոբյան

«Արտահերթ ընտրությունները երբ էլ անցկացվեին, երևի թե կլինեին շատ-շատ ուժեր, որոնք կասեին՝ պատրաստ չեն, չհասցրին, և այլն։ Հետևաբար՝ դեռևս մայիս ամսին հստակ կար այդ մեսիջը, որ ընտրություններ են լինելու մեկ տարվա ժամկետում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ ընդգծելով, որ քաղաքական ուժերը պետք է պատրաստված լինեին։

Նրա խոսքով՝  շատերի համար տհաճ անակնկալ էր, որ նոր ԸՕ-ն չանցավ, որովհետև շատ ուժեր, ըստ նրա՝ հույս ունեին ընտրություններին մասնակցել նոր ընտրակարգով։ Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա դրանք կազմելիս, ըստ Հակոբյանի՝ հաշվի են առնվում մի քանի գործոններ. «Մենք տեսնում ենք ցուցակում մարդիկ, որոնք օդիոզ են համարվում, կան մարդիկ, որոնց չենք ճանաչում, բայց տեղերում են օդիոզ համարվում. դրանք այն մարդիկ են, որոնք կարողանում են ձայն բերել։ Կան ցուցակներ, որտեղ հաշվի են առել աշխարհաքաղաքական որոշակի գործոններ։ Օրինակ՝ ՀՀԿ ցուցակում այդ բոլոր ֆակտորները հաշվի են առել։ ՀՀԿ ցուցակում դրված է երկու սկզբունք՝ անպայման լինի քաղաքական իմաստ կրող գործիչ, և երկրորդ՝ մարդիկ, որոնք նախընտրական քարոզարշավի ժամանակ կամ, երբ կուսակցությունը հայտնվի խորհրդարանում, կարողանան հարցեր բարձրացնել։

Ասենք՝ Դավիթ Շահնազարյանը գործիչ է, որի հիմնական ֆունկցիան լինելու է Արցախի բանակցային գործընթացի շուրջ անընդհատ դիսկուրս բացելը, եթե նույնիսկ իշխանությունը չուզենա այդ թեմային անդրադառնալ, ինքն անընդհատ փորձելու է այդ թեման առաջնային դարձնել, որովհետև հանրապետականները համարում են, որ Արցախի հարցի շուրջ կան բավականին լուրջ խնդիրներ, որոնք պետք է բարձրաձայնել»։

Քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ժամանակին նույն սկզբունքով Գագիկ Ծառուկյանն էր ցուցակ կազմում՝ այնտեղ ընդգրկելով մարդկանց, որոնք խորհրդարանում պետք է ինչ-որ հարցեր բարձրացնեն.

«Այսինքն՝ իմիջային խնդիր ուներ, պետք է ցույց տար, որ քաղաքական մարմին է, ոչ թե բիզնես-պրոյեկտ։ Հիմա ՀՀԿ-ի մոտ նման բան կա։ Ինչ վերաբերում է ՔՊ-ի ցուցակին, ապա չեմ կարծում, թե եթե ընտրությունները երեք ամիս հետո լինեին, ապա ՔՊ-ի ցուցակը շատ էր փոխվելու, որովհետև կա կադրային բազան, ինչ կա։

Նախորդ իշխանության սոցիալական հենարանը մի քիչ այլ էր, դրա համար հայտնվում էին բիզնեսմեններ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ, քրեական աշխարհի հետ կապված մարդիկ, գեներալներ և այլք։ Այսօրվա իշխանության սոցիալական հենարանը փոխված է, իրենք ցուցակում մտցնում են բոլոր այն քաղաքացիական հոսանքներին, որոնք այս կամ այն չափով մասնակցել են հեղափոխական պրոցեսին։

Այս իշխանության համար ինչ-որ չափով փրկություն է, որ հիմա ընտրություն է անցկացվում, և այն հասարակական հոսանքներ, որոնք գործադիրում որևէ տեղ չունեն, արդյունավետ չեն աշխատում, հայտնվելու են խորհրդարանում։ Նիկոլ Փաշինյանն իր պարտքը նրանց հատուցելու է այդպես։ Գործադիրից ներկայացված որոշ մասը հայտնվելու է խորհրդարանում՝ նաև աշխարհաքաղաքական պարտավորություններից ելնելով, քանի որ հարցեր առաջացել են այս ամիսների ընթացքում»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս