«Եթե պաշտամունքի առարկա է դառնում քաղաքական ուժի ղեկավարի ուսապարկը, ցուցակում ընդգրկված անհատներն ինձ համար դառնում են երկրորդական». Սամվել Նիկոյան

ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակին, նշեց, որ այսօր որևէ մեկը չգիտի, թե ինչ գաղափարախոսություն ունի այդ կուսակցությունը։

«Եթե քաղաքական ուժը չունի գաղափարախոսություն, ամեն ինչ հավաքում է մեկ անձի շուրջ, և պաշտամունքի առարկա է դառնում այդ քաղաքական ուժի ղեկավարի ուսապարկը, ապա նրանց նախընտրական ցուցակում ընդգրկված անհատներն ինձ համար դառնում են երկրորդական և երրորդական։

Այստեղ գնում է անձի պաշտամունքի, կուռքերի ստեղծման խնդիր։ Այս կռապաշտական երևույթները քաղաքական դաշտում ժամանակավոր երևույթներ են, այդ պատճառով էլ չեմ ցանկանում անդրադառնալ անձերին»,- ասաց Սամվել Նիկոյանը։

Անդրադառնալով խորհրդարանի կողմից «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի չընդունմանը, որով նախատեսվում էր  Ամենայն Հայոց կաթողիկոսին թիկնապահ տրամադրել, Սամվել Նիկոյանը նկատեց, որ իշխանափոխության օրերին, երբ Հայաստանում տիրում էր ամենաթողություն, մի խումբ մարդիկ ուղղակիորեն բռնություն էին իրականացնում Հայոց կաթողիկոսի նկատմամբ։

«Այս ամենը մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանք էր՝ քաղաքական ուղղորդված, քանի որ, եթե ուշադրություն դարձնեիք, ապա կաթողիկոսի դեմ այդ ուղղորդված պայքարի անդամներից մեկը՝ Կարեն Պետրոսյանը, հենց այն օրը, երբ հրահանգով դադարեցրեցին կաթողիկոսի դեմ բռնությունները, այդ օրը նշանակվեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր, իմ տեղեկություններով՝ նրա մորեղբայրն էլ նշանակվել է Մանկավարժական համալսարանի ռեկտոր, այս ամենը պատահականություն չէ»,- շեշտեց Ս. Նիկոյանը և նկատեց, որ հայոց նորագույն պատմության մեջ խորհրդարանի կողմից այն ամենաամոթալի քվեարկությունն էր։

Սամվել Նիկոյանն անդրադարձավ նաև ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը և նշեց, որ նրա նկատմամբ միակ մեղադրանքը, որ առաջադրվել է՝ կապված է ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ։

«Մնացածը, ինչ այնտեղ գտել, ցույց են տվել ու դարձրել քարոզչության նյութ, իմ ունեցած տեղեկություններով՝ տրված է եղել ԵԿՄ-ին։ Կուզեի, որպեսզի ԵԿՄ անդամներն իրենց մեջ կամք գտնեին և ասեին, որ այն իրենց բաժինն է եղել։ Ապրիլին նրանք 2500 հոգով դիրքերում են եղել, ինչո՞վ են սնվել։ Այսքանից հետո զարմանալի կլիներ, որ հայտնաբերեին ջութակ կամ նոտաներ։ Այս ամենն ուղղված չէ Մանվել Գրիգորյանի դեմ, այլ՝ Արցախյան պատերազմում տարած հաղթանակի»,- եզրափակեց Սամվել Նիկոյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս