Տարիներ առաջ ՌԴ-ն մեկ միլիարդ դոլարի զենք նվիրեց ՀՀ-ին, գուցե ամերիկացինե՞րն էլ նվիրեն
«Ցավոք, խոշոր սխալ ենք թույլ տվել՝ կապված Խաչատուրովի հետ: Մի փոքր կարելի էր սպասել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Գագիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի դեպքում պետք է միշտ հաշվի առնենք Ղազախստանի ներկայությունը, որն առաջին անգամը չէ, որ խոչընդոտում է կառույցի գործունեությանը:
«Ամեն դեպքում յուրաքանչյուր խնդիր, մարտահրավեր տալիս է ինչ-որ հնարավորություններ: Շատ կցանկանայի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ընտրվեր Վաղարշակ Հարությունյանը, ով փորձված ու պատրաստված սպա է: Նա կարող է լավագույն կերպով կատարել իր առջև դրված ցանկացած խնդիր: Մամուլում կարդացի, որ խոսվում է անգամ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին: Դա փայլուն կլինի»,- հավելեց Գագիկ Հարությունյանը:
«Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն էլ նկատեց.
«Ամենաթանկ բանը վստահությունն է, ընկերոջ նկատմամբ կայուն համոզմունք, կարծիք ունենալը: Լավ բան չէ դավաճանի, թյուրիմացության մեջ գցողի, խաբողի համբավ ունենալը: Մեր գործողություններում պետք է զգույշ լինենք, որ նոր գործընկերներ ձեռք բերելու ճանապարհին չկորցնենք հներին: Սրանով ավելի ուժեղանանք, ոչ թե թուլանանք»:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի`ամերիկյան զենքի հանցավոր վաճառքի մասին հայտարարություններին, Գագիկ Հարությունյանն ասաց, թե նոր զենքը պետք է համատեղվի այն զենքի հետ, որը կա բանակում:
«Գուցե մի տեսակն առանձին վերցված ավելի լավն է, բայց քանի որ համատեղելի չէ մնացածի հետ, կարող է խնդիրներ առաջացնել: Տեղեկացնեմ, որ հայկական բանակը բավականաչափ օգտվում է արևմտյան սարքավորումներից»,- մանրամասնեց Գագիկ Հարությունյանը:
Սոցիոլոգ, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Սամվել Մանուկյանի կարծիքով էլ՝ ռուսական զենքի գնով ոչ մի տեղից երբեք լուրջ զենքեր չենք կարողանա գնել:
«Մի քանի տարի առաջ Ռուսաստանը մեկ միլիարդ դոլարի զենք նվիրեց Հայաստանին: Այս մասին չենք խոսում: Միգուցե նրանք, ամերիացինե՞րն էլ նվիրեն»,- հարցրեց սոցիոլոգը:
Անի Կարապետյան