Զորամիավորման վարչակազմի և ենթակա զորամասերի հետ անցկացվել է շտաբային զորավարժություն
Նոյեմբերի 14-ից 15-ը 5-րդ բանակային զորամիավորման վարչակազմի և ենթակա զորամասերի հետ անցկացվել է շտաբային զորավարժություն:
Զորավարժության նպատակն էր ստուգել բանակային զորամիավորման և ենթակա զորամասերի պատրաստականության տարբեր աստիճանի բերելու ընթացքը, կատարելագործել զորամասերի, ստորաբաժանումների հրամանատարների ու կառավարման մարմինների գործնական հմտությունները, ուսուցանել և կատարելագործել գործողությունների ընթացքում պաշտոնատար անձանց ֆունկցիոնալ պարտականությունների կատարման կարգը՝ ըստ մարտական հաշվարկների:
Զորամիավորման վարչակազմը և ենթակա զորամասերը գործել են համաձայն զորավարժության պլանի, ըստ հաստատված ժամանակացույցի իրականացվել է տեղաշարժ դեպի նշանակման շրջաններ:
Զորավարժության ընթացքում և զորամիավորման վարչակազմը, և զորամասների շտաբերը ցուցաբերել են մասնագիտական պատրաստության լավ աստիճան, մարտական փաստաթղթերի ձևակերպումները իրականացվել են բավարար մակարդակով:
Ամփոփելով շտաբային զորավարժության նախնական արդյունքները, 5-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Փիլոյանը բավարար է գնահատել վարչակազմի և ենթակա զորամասերի հրամանատարության գործողությունները: