«ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակից էլ կարող ենք օգուտներ ստանալ, սկսած էժան գնով ռազմամթերքի ձեռքբերումից՝ վերջացրած ռազմատեխնիկական համագործակցությամբ»

«Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանի համար կարևոր է պահպանել այն քաղաքական կուրսը, որը եղել է նախորդ իշխանությունների ժամանակ:

«Մենք համոզված ենք, որ ՀՀ բնակչության մեծամասնությունը կանգնած է հայ-ռուսական բարեկամության ամրապնդման, խորացման ու զարգացման հիմքերի վրա: Կարևոր է, որ Հայաստանը պահպանի այն քաղաքական կուրսը, որը մինչև հիմա ապահովել է մեր ազգային անվտանգությունը, տարել տնտեսական զարգացման ուղիով:

Կարծում ենք, որ ՀՀ բնակչության մեծ մասը ՀՀ քաղաքական ուժերից նախընտրական այս շրջանում իրավունք ունի ակնկալել հստակ դիրքորոշում հայ-ռուսական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ համագործակցության զարգացման մեջ իրենց համաձայնության, ակտիվ ներդրման, հետապնդած նպատակների մասին:

Նրանց միջև բանավեճն անհրաժեշտ կլինի, քանի որ քաղաքական դաշտում սկսել են ավելի բարձր հնչել հակառուսական հայտարարություններ, դիրքորոշումներ, որոնք չեն կարող մեզ չմտահոգել: Պետք է ազդակ ուղարկել Ռուսաստան, որ ՀՀ-ն չի շեղվել բազմավեկտոր քաղաքականության իր ուղուց: Մեր պատրաստի արտադրանքի հիմնական գնորդը Ռուսաստանն է, տնտեսական աճող ցուցանիշների զգալի մասը գալիս է հայ-ռուսական տնտեսական համագործակցությունից, 2019թ. ընթացքում շարունակական զարգացում ենք ունենալու: Իսկ ռազմաքաղաքական համագործակցությունը ՌԴ-ի հետ ավելացնում է մեր անվտանգությունն այս տարածաշրջանում:

ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը, հայ-ռուսական միացյալ զորախմբի առկայությունը, 102-րդ ռազմաբազայի գործունեությունը դարձնում են Հայաստանի Հանրապետությունը մրցունակ, անվտանգ տարածաշրջանում և հեռու են պահում այն փորձություններից, որոնց ենթարկվում են մեր հարևաններից շատերը: Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը, որը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանի, պետք է պատրաստ լինի ունենալու մասնակցություն այս քաղաքական գործընթացների զարգացմանը:

Չի՛ կարելի խզում թույլ տալ նախկինում հաջող կատարված քաղաքական համագործակցության և մեր օրերի նոր ձևավորվող իրողությունների միջև: Դեմ ենք, որ մեր երկիրը դառնա թատերաբեմ, ուր բախվում, իրար թուլացնում և շարքից հանում են հայ-հասարակական, քաղաքական միտքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արամ Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցին, Յուրի Խաչատուրովին հետ կանչելուն, նա նշեց.

«Սա որոշակի քաղաքական անփորձության արդյունք է: Հայ հասարակությունը պատրաստ է ներել այսօրվա իշխանություններին, նրանք ունեն վստահություն: Ամեն դեպքում, կարծում եմ, ինչ լուծում էլ լինի, մեծ ողբերգություն չի պատահելու: Այս իրավիճակից էլ կարող ենք օգուտներ ստանալ, սկսած էժան գնով ռազմամթերքի ձեռքբերումից՝ վերջացրած ռազմատեխնիկական համագործակցությամբ: Պետք է ճկուն ու զուսպ աշխատանք տանել ՀԱՊԿ-ում՝ այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս