Ինչպես Իրանը կարձագանքի Արցախի ուղերձներին

Արցախի Հանրապետությունն Իրանին երկկողմ հարաբերությունների հաստատման հերթական ուղերձն է հղել: «Մենք բազմիցս ենք հայտնել մեր դիրքորոշումն Իրանի հետ բարիդրացիական երկկողմ հարաբերությունների հաստատման պատրաստակամության վերաբերյալ։ Նաև հաշվի առնելով, որ մենք Իրանի հետ ունենք ընդհանուր՝ 138 կմ ձգվող սահման, հուսով ենք, որ ԱՄՆ-Իրան հակասությունները խաղաղ հանգուցալուծում կունենան, և Իրանի շուրջ զարգացումները բացասաբար չեն անդրադառնա հայկական պետությունների վրա»,- իր վերջին հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ով առաջին անգամ չէ, որ խոսում է Արցախի Հանրապետության այս պատրաստակամության մասին:

Ուշագրավ է, որ բավականին մեծ ուշադրության էր արժանացել նախարար Մայիլյանի անցյալ տարվա հարցազրույցը, որում նա իրանական պարբերականի ներկայացուցչի հետ խոսել էր սահմանի փակ լինելու անբնական լինելու մասին: «Արցախն ընդհանուր սահմանակցում է երեք պետությունների. արևմուտքում` Հայաստանի Հանրապետության, արևելքում՝ Ադրբեջանի, և հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետության հետ սահմանները բաց են, ընդ որում, ՀՀ-ի միջոցով է ապահովվում արտաքին աշխարհի հետ կապի միակ ճանապարհը։ Ադրբեջանի հետ սահմանն ավելի շուտ կարելի է անվանել ռազմաճակատ։

Չնայած մեր երկու ժողովուրդների կողմից միմյանց հանդեպ բարիդրացիական տրամադրվածությանը՝ Արցախի և Իրանի միջև սահմանը մնում է փակ, ինչն անբնական է: Մենք շահագրգռված ենք գործող սահմաններ և բարիդրացիական հարաբերություններ ունենալ հարևան բոլոր երկրների հետ, այդ թվում՝ Իրանի հետ։ Համոզված եմ, որ նաև Իրանի շահերից է բխում Արցախի հետ պահպանել ընդհանուր սահմանը։ Կարծում եմ, որ դա համահունչ է նաև տարածաշրջանում հետաքրքրված այլ դերակատարների շահերին»,- ասել էր Մայիլյանը:

Նրա այս ուղերձները բավականին սուր արձագանք էին գտել Ադրբեջանում: Իրանից պաշտոնական արձագանքներ չէին եղել, սակայն, որոշ տեղեկությունների համաձայն, Իրանի իշխանությունները դրական էին ընդունել ԱՀ այս գաղափարը:

«168 Ժամի» հետ զրույցում իրանցի վերլուծաբան Ալի Սալամին մեկնաբանեց, թե որն է Իրանի դիրքորոշումն այս հարցում, և ինչու չեն կարող լինել հրապարակային արձագանքներ այս հարցի կապակցությամբ: Նրա խոսքով, Իրանը բարիդրացիական հարաբերություններ է փորձում պահպանել իր հարևան բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ: Սակայն, նրա խոսքով, Արցախի հարցը բարդ թեմա է Իրանի համար, քանի որ այն հակամարտ գոտի է, միջազգային իրավունքի սկզբունքների բախման կիզակետ, չճանաչված պետություն:

«Բնականաբար, միամտություն կլինի կարծել, որ պաշտոնապես նման ուղերձներին ներկայումս հնարավոր է արձագանքել այնպես, ինչպես կցանկանար Արցախը: Չի լինի արձագանք նաև այս անգամ: Սակայն կարևոր է, որպեսզի հնչեն նման ուղերձներ, և ես վստահ եմ, որ Իրանն իր դիվանագիտական խողովակներով արձագանքում է, հայկական կողմերի համար ընդունելի է այս հարցում Իրանի դիրքորոշումը, որն այս պայմաններում այլ լինել չի կարող:

Պետք է խոսել այդ մասին, քանի որ Իրանն ու Արցախը հարևաններ են, կա մեծ սահման, Իրանը միշտ մտածում է այս տարածաշրջանում անվտանգության, կայունության մասին, այդ սահմանի միջոցով Արցախյան հակամարտությունն ուղիղ կերպով առնչվում է նաև Իրանին, հենց այդ պատճառով Իրանն անտարբեր չէ, ժամանակ առ ժամանակ հնչում են միջնորդական ջանքերով հակամարտող կողմերին աջակցելու հայտարարություններ, սակայն, քանի որ կա ԵԱՀԿ ՄԽ հարթակը, որը միջազգայնորեն ճանաչված միակ միջնորդն է այս հակամարտությունում, Իրանի շահերը հաշվի առնելով՝ հրապարակային չեզոք դիրքորոշումն ամենաճիշտն է: Սակայն Իրանը հետևում է զարգացումներին, տեղյակ է միտումներից և վտանգների դեպքում իր քայլերը կիրականացնի»,- նշեց Ալի Սալամին:

Իր հերթին՝ իրանցի քաղաքագետ Կայհան Բարզեգարն ասաց, որ հարաբերությունների բացակայության դեպքում, երբ կա ցանկություն երկկողմ հարաբերություններ հաստատելու և սահման բացելու հարցում, սակայն դա հնարավոր չէ, պետք է սկսել ակտիվացնել շփումները ժողովուրդների միջև, բարձրացնել միմյանց նկատմամբ ճանաչողությունը:

«Միանգամից ոչինչ տեղի չի ունենում: Ներկայումս հնարավորություններ չկան սկսելու նման պաշտոնական գործընթաց: Սակայն կարող են ակտիվացվել մշակութային կապերը, ճանաչողական ծրագրեր կարող են իրականացվել, որպեսզի ժողովուրդների միջև կապ ստեղծվի, ամրապնդվի, որն իր հերթին՝ կնպաստի հետագայում ձևավորվելիք քաղաքական հարաբերություններին:

Այս առումով մենք բաց ունենք, ուստի պետք է աշխատել այդ ուղղությամբ: Իմ համոզմամբ, այս առումով գնդակն Իրանի դաշտում է, քանի որ նման առաջարկներ սովորաբար հնչում են արցախյան կողմից: Սակայն, ինչպես մի շարք ուղղություններով, այնպես էլ այս հարցում պահանջվում է դիվանագիտական ճկունություն՝ ինչպես Իրանից, այնպես էլ՝ Արցախից, Հայաստանից: Ինչ վերաբերում է Իրանին, Իրանը դրան պատրաստ չէ հատկապես հիմա, երբ կանգնած է ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների առջև: Սա նաև այնպիսի միջազգային իրավական հարց է, որ Իրանը չէր ցանկանա սխալներ անել»,- ասաց Կայհան Բարզեգարը:

Իրանցի քաղաքական վերլուծաբանի խոսքով, ԻԻՀ-ի և ԱՀ-ի միջև հարաբերություններ կհաստատվեն ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման և Արցախի միջազգային ճանաչման, կարգավիճակի հստակեցման դեպքում:

«Կարծում եմ` իրատեսական չի լինի նշել, որ մինչ կարգավորումը Իրանը պատրաստ կլինի նման քայլերի, քանի որ դա լի է տարածաշրջանային վտանգներով, որից Իրանը խուսափում է:

Որքան էլ դժվար է, Իրանը ձգտում է հավասարակշռություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև, քանի որ Ադրբեջանի հետ Իրանը լուրջ խնդիրներ ունի: Բայց այն, որ անցյալ տարի իրանական ԶԼՄ-ներից մեկում հրապարակվեց այդ մասին ԱՀ պաշտոնական տեսակետը, թույլ է տալիս ենթադրել, որ դա հարկավոր էր Իրանի իշխանություններին, և հարկավոր էր, որպեսզի խոսվի այդ սահմանի, դրա ներկայիս ձևաչափի պահպանման մասին: Արցախի հետ սահմանը չափազանց կարևոր է Իրանի համար, Իրանը չի ցանկանում, որ սահմանը փոխվի, քանի որ Ադրբեջանը պարբերաբար սադրանքների է դիմում: Այս հարցում Իրանի ու Հայաստանի շահերը համընկնում են:

Այսինքն` Արցախի հետ հարաբերությունների հաստատումը կարևոր է, սակայն հաշվի առնելով աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ներկայիս մթնոլորտը, խիստ անբարենպաստ է այդ մասին խոսել, նման հարց չկա Իրանի օրակարգում»,- նկատեց Բարզեգարը:

Ալի Սալամին ևս կարծում է, որ պետք է խթանել ժողովուրդների միջև կապերի հաստատմանը, քանի դեռ երկկողմ հարաբերությունների հաստատման ուղղությամբ քայլերն անհնար են թվում: Սակայն, ըստ նրա, հաշվի առնելով հնարավոր ադրբեջանական արձագանքը, դրա ուղղությամբ ևս քայլեր չեն ձեռնարկվի: «Հաշվի առնելով տարածաշրջանում առկա վտանգները, դրանից, կարծում եմ, խուսափում են նաև Արցախում, անկախ հայտարարություններից, թե երկկողմ հարաբերություններ պետք է հաստատվեն»,- ասաց Սալամին:

Տեսանյութեր

Լրահոս