««Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը». Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ ինքնասպանությունը
Կայացած ազգերն առաջնորդվում են սկզբունքներով և գաղափարներով, մնացածն՝ անձերով։
Հին ժամանակներում մարդիկ պաշտում էին քարը, ծառը, առաջնորդին, իսկ քրմերն ու շամանները մարդկանց հնազանդեցնում էին բնության արհավիրքների ու թշնամիների հանդեպ վախով։ Քրմերն ու շամաններն առաջնորդների հենարաններն էին։
Մարդկանց ինտելեկտուալ աճի հետ մեկտեղ առաջացավ նոր հավատք՝ միաստվածությունը։ Միակ Աստվածն արդեն աբստրակցիա էր, որն իր հետ բերեց երևութական, ավելի բարդ մտածողություն, նաև պատվիրաններ, սկզբունքներ, և արժեքային համակարգ։
Հետագայում ազգերն, ըստ իրենց ինտելեկտուալ մակարդակի, իրենց փրկությունը պայմանավորում էին անհատներով՝ փրկիչներով, կամ՝ գաղափարներով ու սկզբունքներով։
Ամերիկյան, ֆրանսիական և մյուս հեղափոխությունները ծնվում էին ինտելեկտուալ ու փիլիսոփայական խմբակներում, նոր աշխարհայացքներ ու արժեքային համակարգեր որոնելու ճանապարհին։
Մտավոր շրջապտույտի մեջ գտնվող ազգերն իրենց փրկությունը շարունակում են պայմանավորել անձերով։ Դրա վառ օրինակը «Մերժիր Սերժին» շարժումն էր։ Սերժի անձին մերժողը դարձավ հերոս ՝ նոր փրկիչ։ «Չար» անձին եկավ փոխարինելու «բարի» անձը, ինչպես հին, բարի հեքիաթներում։
ԱԺ ընտրություններին ՔՊ կուսակցությունը չգտավ որևէ այլ կարգախոս, որն արտահայտեր իրենց աշխարհայացքն ու արժեքային համակարգը։ Պատճառը շատ պարզ է, աշխարհայացք և գաղափարաներ չկան, և ստիպված են իրենց հեղափոխական կարգախոսը պայմանավորել դարձյալ անձով, այսինքն՝ ոչնչով։
Ամենատխուրն այն է, որ «Նոր Հայաստանի» «նոր սերունդն» է ինտելեկտուալ առումով սնանկ։ Դա ակնհայտ հետընթաց է՝ մի քանի դարով»։
«Նիկոլ՝ վարչապետ»․ «հեղափոխության» ինտելեկտուալ…
Gepostet von Stepan Danielyan am Freitag, 16. November 2018