
Հետաքրքիր իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նոյեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով նրան կրկին կալանավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության բողոքը:
Նրա խափանման միջոցի ընտրության հարցը հասցեագրվել է վերաքննիչ քրեական դատարանին, որը օգոստոսի 13-ին որոշում էր կայացրել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին:
Թերթին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանում այս գործով հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել:
Երկրորդ նախագահի կալանավորման հարցի քննության ժամանակ զարմանալի զուգադիպությամբ արդեն երկրորդ անգամ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին բացակայում է Հայաստանից:
Մեզ հայտնի դարձավ, որ լեզվի դասընթացների նպատակով երկու ամիս արձակուրդ է վերցրել եւ մեկնել Լոնդոն:
Ու հիմա Քոչարյանի գործի քննությունը քրեական վերաքննիչ դատարանի դատավորներից մեկին մակագրելու գործընթացը պետք է իրականացնի Մխիթար Պապոյանը:
Թե ում կմակագրվի գործը, պարզ կդառնա առաջիկայում, բայց հաստատ դա չի լինի Քոչարյանին ազատ արձակած Ազարյանը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: