Բաժիններ՝

Ռալֆ Լորենը դարձել է Բրիտանական կայսրության շքանշանի ասպետ

Ամերիկացի մոդելագործ, ձեռնարկատեր, ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ռալֆ Լորենը, ամերիկացի դիզայներներից առաջինն է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր-ասպետի կոչման արժանացել «նորաձեւության, բիզնեսի եւ ֆիլանտրոպայի բնագավառում» ունեցած ձեռքբերումների համար: Այդ մասին հայտնել է The Independent թերթը:

Նյու Յորքում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոս Էնթոնի Ֆիլիպսոնի խոսքով՝ Լորենն այդ պատվին արժանացել է «գրեթե կես դարի ընթացքում անդրատլանտյան մշակութային եւ տնտեսական կապերի ամրապնդման գործում ունեցած հանգուցային դերի, նորաձեւության գլոբալ ինդուստրիայում եւ ամերիկյան ոճում առաջատար դերի համար»: 79-ամյա մոդելագործին՝ Պատվո լեգեոնի շքանշանակրին, ասպետի կոչումը կշնորհվի 2019 թվականին Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ներկայացուցչի կողմից:

Լորենի ստեղծած հագուստները պահանջարկ են վայելում բրիտանական թագավորական ընտանիքի անդամների շրջանում: Այդ հագուստներով քանիցս տեսել են արքայադուստր Դիանային (1961-1997 թթ.), Քեյթ Միդլթոնին՝ այքայազն Ուիլյամի տիկնոջը, եւ Մեգան Մարքլին՝ արքայազն Հարիի տիկնոջը: Այդ կոչումն ստացած մյուս նշանավոր ամերիկացիների թվում են՝ ԱՄՆ-ի նախկին նախագահներ Դուայթ Էյզենհաուերը, Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշ-ավագը, դերասանուհի Անջելինա Ջոլին, ռեժիսոր Սթիվեն Սթիլբերգը, ձեռնարկատեր Բիլ Գեյթսը եւ նրա կինը՝ Բելինդան: Լորենը (իսկական ազգանունը՝ Լիֆշից) ծնվել է 1939 թվականի հոկտեմբերի 14-ին Նյու Յորքում, հրեական ընտանիքում:

Կարիերան որպես ասիստենտ-վաճառող սկսել է Brooks Brothers եւ Rivetz&Co ընկերությունում: 1965 թվականին հիմնադրել է սեփական դիզայնով փողկապներ կարող ընկերություն: 1967 թվականին բացել է իր առաջին խանութը: Այժմ նրա կողմից ստեղծված Ralph Lauren Corporation կորպորացիան թողարկում է, մասնավորապես, հագուստ, կոշիկ, աքսեսուարներ, պարֆյումերիա, երեխաների համար ապրանքներ, ժամացույցներ, կանանց համար ոսկերչական զարդեր, կահույք եւ տան համար նախատեսված այլ ապրանքներ: 7,5 մլրդ դոլար կարողությամբ Լորենը տեղ է զբաղեցնում աշխարհի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս