Բաժիններ՝

Հայտնաբերվել է Ուոլթ Դիսնեյի կորած մուլտֆիլմը

Ուոլթ Դիսնեյի՝ Օսվալդ ճագարի մասին երկուրոպեանոց մուլտֆիլմը, որը կորած էր համարվում, գտել են Ճապոնիայի Օսակայի պրեֆեկտուրայում: Այդ մասին հայտնել է BBC-ն:

Ճապոնացի Յասուշի Վատանաբեն, որն այժմ 84 տարեկան է, պատանի հասակում Neck ’n’ Neck մուլտֆիլմը գնել էր ընդամենը 500 իենով: Վատանաբեն մուլտֆիլմը պահել է շուրջ 70 տարի, իսկ դրա արժեքավորության նա իմացել է միայն այն ժամանակ, երբ ընթերցել է Դեյվ Բոսերթի «Օսվալդ Երջանիկ ճագարը. Դիսնեյի կորած մուլտֆիլմերի որոնումներում» գիրքը: ԱՄՆ-ի «Ուոլթ Դիսնեյի արխիվը» Asahi Shimbun թերթին հաստատել է կինոնկարի իսկությունը:

«Մենք երջանիկ էինք, երբ իմացանք, որ կորած ֆիլմի կրկնօրինակը գոյություն ունի»,-հայտնել է «Ուոլթ Դիսնեյի արխիվի» տնօրեն Բեքի Քլայնը: Այժմ Neck ’n’ Neck մուլտֆիլմը գտնվում է Հիոգոյի պրեֆեկտուրայի Kobe Planet Film Archive ֆիլմադարանում: Անիմատորներ Ուոլթ Դիսնեյը եւ Աբ Այվերքսը Օսվալդ ճագարին ստեղծել են 1927 թվականին: Այն դարձել է Դիսնեյի առաջին անիմացիոն հերոսը, նրա մասին ստեղծվել է 27 մուլտֆիլմ: Սակայն դրա իրավունքները դատարանով վերցրել է Universal ստուդիան: Դրանից հետո Դիսնեյն ստեղծեց Միկի Մաուսին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս