Արարատի մարզի բնակիչը մեղադրվում է ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ տալու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրանք է առաջադրվել Արարատի մարզի բնակչին:
2018թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչը՝ ծնված 1979 թվականին, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող թվով հինգ ոստիկանների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ կապված իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանության հինգ աշխատակիցներ ճանաչվել են տուժող:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2018թ. օգոստոսի 3-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Ոստիկանության Արարատի բաժնի տեսուչը գնացել է Արարատի մարզի 39-ամյա բնակչի տուն՝ նախորդ օրը վերջինիս կողմից ինքնավնասման և բժշկական կենտրոնի աշխատակիցներին սպանության սպառնալիքներ տալու դեպքերի վերաբերյալ նախապատրաստվող նյութերով բացատրություններ ստանալու նպատակով:
Զրույցի ընթացքում Ոստիկանության տեսուչը 39-ամյա տղամարդու գոտկատեղի հետնամասում նկատել է ինքնաշեն ատրճանակ և հետաքրքրվել՝ արդյոք այն կրակում է, թե՝ ոչ: Ի պատասխան՝ Արարատի բնակիչը նշված ինքնաշեն ատրճանակով կրակել է պատին:
Ոստիկանության տեսուչն անմիջապես ահազանգել է Ոստիկանության Արարատի բաժին՝ տեղեկացնելով կատարվածի մասին: Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը՝ բաղկացած 4 ոստիկաններից, փորձել են համոզել, որպեսզի տղամարդն ինքնակամ հանձնի ինքնաշեն ատրճանակը: Սակայն նա ոստիկանների նկատմամբ հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիքներ՝ դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, իր մոտ պահվող ինքնաշեն ատրճանակը պահել ոստիկանների ուղղությամբ՝ սպառնալով կրակել և սպանել նրանց, միաժամանակ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Ոստիկանության աշխատակիցները հատուկ հնարքով տղամարդու ձեռքից վերցրել են ինքնաշեն ատրճանակը և նրան բերման ենթարկել Ոստիկանության բաժին:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննություն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: