
«Քրեական գործ հարուցելը դա դեռևս դատավճիռ չէ». Դավիթ Անանյանը՝ «Գազպրոմ Արմենիա»-ում հայտնաբերված չարաշահումների մասին

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ՊԵԿ-ը կատարում է «պլանային» ստուգումներ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով ընկերությունում հայտնաբերված չարաշահումների խնդրին:
Ըստ նրա՝ դեռ հունիս ամսին հրապարակվել է ստուգման ենթակա հարկ վճարողների ցանկը, որտեղ ընգրկված է եղել նաև «Գազպրոմ Արմենիան», և ստուգման ընթացքում որոշակի տեղեկատվություն է բացահայտվել, որը փոխանցվել է քննչական վարչություն:
«Քրեական գործ հարուցելը դա դեռևս դատավճիռ չէ: Քրեական գործի շրջանակներում այնպիսի գործողություններ պետք է կատարվեն, որոնք հնարավոր չէր իրականացնել բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում»,- ասաց Դ.Անանյանը:
Նա հրաժարվեց նշել, թե ինչ ծավալի չարաշահումների մասին է խոսքը՝ պատճառաբանելով հարուցված քրեական գործի առկայությունը:
Հարցը՝ այդ չարաշահումները ազդեցություն ունե՞ն սակագնի վրա, Դ.Անանյանը «շատ խորը» որակեց, որին պատասխանելու համար պետք է քննությունն ավարտվի: Նրա խոսքով՝ եթե կորուստներն իրականում տեղի չեն ունեցել, հնարավոր է դա կարող էր ազդել սակագնի վրա: