
Մեկնարկել է Սանկտ Պետերբուրգի յոթերորդ միջազգային մշակութային համաժողովը

Նոյեմբերի 15-ին Սանկտ Պետերբուրգում աշխատանքն է սկսել յոթերորդ միջազգային մշակութային համաժողովը: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը, հանդիսավոր բացումն անցկացրել են Ռուսաստանի փոխվարչապետ Օլգա Գոլոդեցը եւ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին։
«Ես շատ ուրախ եմ՝ այսօր ձեզ բոլորիդ ողջունելու յոթերորդ միջազգային մշակութային համաժողովում: Սանկտ Պետերբուրգը մշակութային կյանքի ճանաչված համաշխարհային մայրաքաղաքն է»,-ասել է Գոլոդեցը: Նա նշել է, որ համաժողովին գրանցվել են 35 հազար մասնակիցներ, աշխատելու են 14 սեկցիաներ, որոնք գլխավորում են համաշխարհային մշակույթի առաջատար մասնագետներ:
Գոլոդեցը հույս է հայտնել, որ համաժողովը «նոր հարթակ կդառնա մշակույթի ոլորտում նոր մեծագործությունների համար հանուն ամբողջ մարդկության բարգավաճման»: Ինչպես սպասվում է, նոյեմբերի 15-ից մինչեւ 17-ը համաժողովը իր հարթակներում կհավաքի 150 երկրների ներկայացուցիչների:
«Հյուր երկիր» պատվավոր կարգավիճակն այս տարի ստացել են Իտալիան եւ Քաթարը, որոնք հատուկ միջոցառումներ են պատրաստել:
Համաժողովը ներառում է գործնական ծրագիր եւ փառատոնային մաս, որը նախատեսված է տեղի բնակիչների ու զբոսաշրջիկների համար: Համաժողովի գործնական աշխատանքն ընթանալու է 14 սեկցիաներում, որոնք նվիրված են թանգարաններին, թատրոնին, կրկեսին, կինոյին, գրականությանը, զբոսաշրջությանը, ժողովրդական ստեղծագործությանը, մշակութային ժառանգության պահպանմանը եւ այլ ուղղությունների: