
«Դա բերելու է բացարձակ բեսպրեդելի». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի կարծիքով` ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի և Միհրան Հակոբյանի առաջարկած՝ վիճակախաղերն օրենքով արգելելու մասին նախագիծը չի լուծելու իր առջև դրված խնդիրը: Զոհրաբյանը ԱԺ հերթական նիստում առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից:
«Գաղափարը, որը նախաձեռնության հիմքում դրել են, կարևոր է: Մոտավորապես նույնաբովանդակ նախագիծ ներկայացրել էինք մենք` Ալեն Սիմոնյանի հետ միասին: Եվ ես վստահաբար կարող եմ պնդել, որ մեր ներկայացրած նախագիծն ավելի գրագետ էր կանոնակարգում այն խնդիրը, որը բարձրացվում էր:
«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցելու նախագծի քվեարկությանը»,- ասաց Զոհրաբյանը:
«Մենք ողջամիտ մտահոգություններ ունենք, որ նախագիծը, որը ներկայացված է ձեր կողմից, ուղղակիորեն չի պատկերացնում այն քաոսը, որը առաջանալու է նախագծի ընդունումից հետո: Դա բերելու է բացարձակ բեսպրեդելի այն ոլորտում, որը դուք իրավացիորեն փորձում եք կարգավորել: Ես հասկանում եմ, որ հանրային շահի անվան տակ, ասելով, որ հանրությունն ուզում է, հանրությունը պահանջում է, էմոցիոնալ դաշտ է ստեղծվում, բայց այս նախագիծը չի կարգավորելու դաշտը: Չպետք է ինքնալուծարված ԱԺ-ի վերջին շնչում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ, բազմաթիվ հարցեր է առաջացնում եւ չի լուծելու այն կարեւոր, օբյեկտիվ խնդիրը, որը դրել եք ձեր առջեւ»,- հավելեց նա:
Զոհրաբյանի համոզմամբ` այն ավելի բարձիթողի վիճակ է ստեղծելու: «Պետք չէ ինքնալուծարված խորհրդարանի վերջում բերել մի նախագիծ, որը գրագետ չէ, առաջացնում է բազմաթիվ հարցրեր: Այն չի լուծելու իր առջև դրված խնդիրը»,-ասաց նա ու առաջարկեց նախագիծը հանել քվեարկությունից
Զոհրաբյանն առաջարկեց հաջորդ խորհրդարանում ստեղծել աշխատանքային խումբ, որն ավելի երկար ժամանակ կունենա ընդունել ոլորտի վերաբերյալ նախագիծ: