«Նրանցից ոչ մեկն ընդդիմադիր չէ, կա՛մ վախենում են Նիկոլից, կա՛մ քծնում». Սամվել Նիկոյան. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի թղթակիցը զրուցել է ՀՀԿ-ական Սամվել Նիկոյանի հետ։
-Պարոն Նիկոյան, ՀՀԿ-ում ի՞նչ սկզբունքներով կազմեցին ընտրացուցակը, փորձառու հնաբնակներդ հետ եք քաշվել, փոխարենը տասնյակում են Մենուան Հարությունյան, Արտաշեսը Գեղամյան եւ «օտար» այլ անուններ։
-Գիտեք, յուրաքանչյուր քաղաքական ուժ յուրաքանչյուր ընտրությունից առաջ իր ուժերը մոբիլիզացնում է յուրովի։ Կուսակցությունն ըստ էության գտել է մարդկանց այնպիսի խումբ՝ կուսակցության առաջին, միջին եւ հետին մասում, որոնք այս պահին կուսակցության առաջ դրված խնդիրները կարող են լավագույն ձեւով կատարել։ Բայց միեւնույն ժամանակ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական դաշտը, ե՛ւ լրագրողները թող հետեւյալ հետեւությունն անեն․ նշանակություն չունի, որ ես չեմ առաջադրվել, միեւնույն է՝ ավելի մեծ եռանդով, քան որ ես պառլամենտում եմ, պայքարելու եմ այն ամեն ինչի դեմ, ինչ այլանդակություններ որ կատարվում են Հայաստանում։
Պարտադիր չէ, որ ես լինեմ խորհրդարանում, փառք Աստծո, ե՛ւ լրատվության, ե՛ւ քաղաքական դաշտում ես ունեմ որոշակի իմիջ, որը կարող եմ օգտագործել։ Իսկ ՀՀԿ-ն՝ պետք է արձանագրեք, որ այսօր դաշտում միակ ընդդիմադիր ուժն է, մնացածները կա՛մ վախենում են Նիկոլից, կա՛մ քծնում, թեպետ շատերն են հայտարարում իրենց ընդդիմադիր, բայց հետաքրքիր է, որ բոլորը քննադատում են ՀՀԿ-ին, պայքարում ՀՀԿ-ի դեմ, Ապշելու բան է, չէ՞։ Եթե դուք իշխանություն եք կամ ունեք ընտրողների հզոր բանակ, ինչո՞ւ եք շուռ եկել՝ ՀՀԿ-ին քննադատում։
-Ինչո՞ւ․ ունե՞ք հարցի պատասխանը։
-Որովհետեւ նրանցից ոչ մեկն ընդդիմադիր չէ, կա՛մ վախենում են Նիկոլից, կա՛մ քծնում:
-Ասացիք, որ կազմվել է ցուցակ, որտեղ թեկնածուները կարող են այս պահին հաղթահարել կուսակցության առջեւ ծառացած խնդիրները։ Ի՞նչ խնդիրներ են դրանք, եւ ի՞նչ չէիք կարող անել Դուք՝ փորձառու ՀՀԿ-ականդ, որը, ենթադրենք, պարոն Գեղամյանը կանի։
-Պետք է ասեմ, որ ես՝ ինքս եմ չմասնակցելու որոշում կայացրել, քանի որ համոզված եմ, որ այս խորհրդարանը կարճ կյանք է ունենալու՝ 1-2 տարի։ Բանն այն է, որ ժողովուրդը սովորեց, թե ինչպես կարելի է արտահերթ ընտրություններ անցկացնել։
-ՀՀԿ-ն պատրաստվում է մեկ-երկու տարի հետո փողո՞ց դուրս գալ, իշխանափոխությո՞ւն անել։
-Ես չեմ ուզում ասել, թե ինչ է պատրաստվում կամ չի պատրաստվում ՀՀԿ-ն, պարզապես կանխատեսում եմ, որ ապագա պառլամենտը երկար ճակատագիր չի կարող ունենալ։ Պառլամենտը սովորեց, թե ինչպես է հնարավոր հակասահմանադրական ճանապարհով պառլամենտական ընտրություններ անցկացնել, ես այս խորհրդարանը համարում եմ ժամանակավոր ու չեմ առաջադրվում, իսկ հաջորդին կառաջադրվեմ։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: