
Բոլթոնի տեղակալը, որին քննադատել էր Մելանյա Թրամփը, հեռացել է Սպիտակ տնից

Միրա Ռիքարդելը՝ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի առաջին տեղակալը, հեռանում է Սպիտակ տնից եւ այլ պաշտոն կզբաղեցնի վարչակազմում: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը:
«Միրա Ռիքարդելը Սպիտակ տնից հեռանալուց հետո կշարունակի աջակցել նախագահին նաեւ վարչակազմի ներսում նոր դեր ստանձնելիս: Նախագահը շնորհակալ է տիկին Ռիքարդելին ամերիկացի ժողովրդին եւ ազգային անվտանգության բնագավառում նախագահի գերակայություններին նրա ծառայության համար»,- հայտարարել է Սանդերսը:
Նախօրյակին ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփի ներկայացուցիչը Ռիքարդելին «անարժան» էր համարել իր պաշտոնին:
Սպիտակ տունը չի արծարծում առաջին տիկնոջ եւ Ռիքարդելի սուր վեճի պատճառները, բայց Wall Street Journal թերթը հայտնել է, որ նա ընդհարվել է Մելանյա Թրամփի շրջապատի հետ, եւ վերջինս նախագահ Դոնալդ Թրամփին խնդրել է պաշտոնից ազատել Ռիքարդելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: