«Ֆրանսիան ԱՄՆ-ի վասալը չէ. մենք չպետք է նրանից կախված լինենք». Մակրոն
Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը պատմականորեն դաշնակիցներ են, բայց լինել դաշնակից չի նշանակում վասալ լինել: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «Շառլ դե Գոլ» ֆրանսիական ավիակրի վրա TFI հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«ԱՄՆ-ը մեր պատմական դաշնակիցն է եւ շարունակում է մնալ դաշնակից: Բայց լինել դաշնակից չի նշանակում վասալ լինել: Մենք չպետք է նրանից կախված լինենք»,- ասել է Մակրոնը, մեկնաբանելով Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերությունների վիճակը:
Նա չի մեկնաբանել Twitter-ում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քննադատական արտահայտություններն իր հասցեին: «Ես չեմ պատրաստվում պատասխանել թվիթներին եւ չեմ կարծում, որ դա է ինձանից սպասում Ֆրանսիայի ժողովուրդը»,- նշել է Մակրոնը: Նա ընդգծել է, որ «դաշնակիցները պետքէ հարգեն միմյանց»:
«Կարեւորագույն պահերին մենք դաշնակիցներ ենք եղել: Մենք միասին ենք պարտավորվել ամեն օր ահաբեկչության դեմ պայքար մղել ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Աֆրիկայում: Մեր զինվորներն ամեն օր միասին են գործում»,- ասել է նա: Ֆրանսիան պետք է ինքնիշխան լինի, իսկ նրա պաշտպանությունը՝ ինքնավար, հայտարարել է Մակրոնը: «Դա անելու համար մենք չպետք է կախյալ լինենք, այդ թվում եւ ԱՄՆ-ից»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: Նա ընդունել է, որ «առանձին բնագավառներում Ֆրանսիան չափազանց կախված է եղել ԱՄՆ-ից, դա լավ չէ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: