Կալիֆոռնիայում հրդեհների զոհերի թիվը հասել է 58-ի
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հյուսիսի Բյութի օկրուգում բնական հրդեհի զոհերի թիվը 48-ից հասել է 56-ի: Այդ մասին նոյեմբերի 14-ին հայտնել է Բյութի շերիֆ Քորի Հոնեան մամուլի ասուլիսում, որը հեռարձակում էր ABC հեռուստաընկերությունը: Այսպիսով Կալիֆոռնիայում հրդեհներից զոհվածների ընդհանուր թիվը ներկայում կազմում է 58:
«Այսօր հայտնաբերվել են եւս ութ մարդու մարմնամասեր: Դա Բյութի օկրուգում զոհվածների թիվը հասցնում է 56-ի»,- տեղեկացրել է Հոնեան: Նրա խոսքով՝ նրանք բոլորն էլ զոհվել են հրդեհի ճիրաններում հայտնված Պարադայս քաղաքի իրենց տներում:
Ինչպես հայտնել է The New York Times թերթը, հրդեհից, որին տրվել է «Քեմպ» անվանումը, ամբողջովին այրվել է 418 քառակուսի կիլոմետր մակերեսով տարածք եւ ոչնչացվել ավելի քան 7,6 հազար տուն ու շինություն: Նահանգի անտառտնտեսության եւ հրշեջ պահպանության վարչության տվյալներով՝ կրակի ճարակ են դարձել 6,5 հազար բնակելի շենք եւ առեւտրային նշանակության 260 շինություն:
«Քեմպը» արգելափակվածէ 35 տոկոսով: Կրակի դեմ պայքարելու համար Բյութի օկրուգում մոբիլիզացվել են ավելի քան 5,1 հազար հրշեջներ, 622 միվոր հատուկ տեխնիկա, 21 ուղղաթիռ, 107 բուլդոզեր եւ 71 ավտոցիստեռն ջրի փոխադրման համար:
Շուրջ 200 մարդ անհայտ կորած է համարվում: Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: