«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը ԱԺ արտահերթ ընտրություններում կգլխավորի Արթուր Բաղդասարյանը

«Օրինաց երկիր» կուսակցությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակները և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Կուսակցության ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Լրագրողների հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը նշեց, որ ցուցակի առաջին տասնյակում ներկայացված են Երևանի և մարզերի ներկայացուցիչներ` մարդիկ, որոնք ունեն փորձ, կուսակցական ճանապարհ են անցել, իրենց ներդրումն են ունեցել ՀՀ քաղաքական համակարգի ձևավորման մեջ, ինչպես նաև երիտասարդներ` նոր մոտեցումով մարդիկ:

«Բոլորը առաջադրվելու են ռեյտինգային ընտրակարգով, բացի կուսակցության նախագահից»,- ասաց Շահգելդյանը:

Նրա խոսքով` «Օրինաց երկիր» կուսակցությունը, որը մշտապես իր ծանրակշիռ ներդրումն է ունեցել ՀՀ քաղաքական դաշտում, միշտ ներկայացրել է նորարական մոտեցումներ, որոնք ուղված են առկա խնդիրների լուծմանը:

«Այս անգամ նույնպես մենք առաջարկելու ենք լուծումներ: Մենք պաշտպանել ենք հեղափոխությունը և շարունակելու ենք պաշտպանել, որովհետև բարեփոխումները, փոփոխությունները Հայաստանին անհրաժեշտ էին: Հիմա անհրաժեշտ է նաև փոփոխություններ անել քաղաքական համակարգի զարգացման համար, որովհետև մարտահրավերները բազմաթիվ են: Մենք ներկայացնելու ենք ծրագիրը, որն ուղված է լինելու դրան»,- ընդգծեց Շահգելդյանը :

ՕԵԿ-ի մամուլի քարտուղար Վահե Թորոսյանը տեղեկացրեց, որ կուսակցության նախընտրական ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին՝ քիչ ուշ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին։ Կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18:00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

Տեսանյութեր

Լրահոս