Բրիտանական կառավարությունը համաձայնեցրեց Brexit-ի մասին համաձայնագրի տեքստը
Բրիտանական կառավարությունը համաձայնեցրել է Brexit-ի պայմանների վերաբերյալ Բրյուսելի հետ պայմանագրի դրույթները եւ պատասխան է սպասում Եվրամիությունից: Այդ մասին հայտարարել է Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչը:
Նոյեմբերի 13-ին Դաունինգ-Սթրիթում վարչապետի նստավայրում տեղի է ունեցել կաբինետի խորհրդակցությունը, որտեղ քննարկվել է ԵՄ-ից դուրս գալու հարցերի շուրջ Բրյուսելի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացը:
Խորհրդակցությունը տեւել է 45 րոպե, դրա արդյունքների վերաբերյալ հայտարարություններ չեն արվել: Նոյեմբերի 14-ին լրանում է այն ժամկետը, որն անհրաժեշտ էր, որպեսզի կառավարությունը հասցնի հաստատել «գործարքի» պայմանները եւ այն կնքի մինչեւ աշնան վերջը, ինչպես պլանավորվել էր ավելի վաղ:
«Մի քանի աննշան հարցեր պահպանվում են»,- լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը՝ նշելով, որ Brexit-ի շուրջ բանակցությունները նախօրյակին Բրյուսելում շարունակվել են մինչեւ ուշ երեկո եւ վերսկսվել նոյեմբերի 13-ի առավոտյան:
Նրա խոսքով՝ վարչապետը նաեւ հայտնել է կառավարությանը, որ բանակցային գործընթացը լավ է ընթանում, եւ կողմերն առաջընթաց են արձանագրում: Ավելի վաղ վարչապետի դիվանատան ղեկավար Դեւիդ Լիդինգթոնը լրագրողներին հայտնել էր, որ «գործարքի կնքմանը» կարելի է սպասել ամենակարճ ժամանակում՝ 24 կամ 48 ժամվա ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: