«Սէֆիլյանն այսպես թե այնպես չէր կարողանալու առաջադրվել, քանի որ երկքաղաքացի է». Արա Պապյան

ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է նաև «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը:

Սա մարդկանց որոշ մասի մոտ մտահոգությունների առիթ է հանդիսացել, քանի որ կարծում են՝ կուսակցության ներկայացուցիչները ծայրահեղականության կողմնակից են:

«Ովքեր ասում են՝ ծայրահեղական են, պետք է փաստեր բերեն, թե ինչո՞ւ են այդպես կարծում: Երևի նկատի ունեն ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում մարդկանց զոհվելու հանգամանքը: Կներեք, մեր քաղաքական դաշտում ունենք կուսակցություն, որի անդամների գործողությունների հետևանքով էլի ոստիկաններ են զոհվել ՀՀ անկախության տարիներին: Դա Հայ Հեղափոխական Դաշնակցությունն է: Բոլորը մոռացել են: Այդ մարդիկ դեռևս բանտում են, բայց ոչինչ չի խանգարել ՀՅԴ-ին՝ գրանցվել, գործել, խորհրդարանի ու կառավարության մաս կազմել: Կուսակցության որոշ անդամների գործունեությունը դեռ չի նշանակում, թե որևէ խնդիր կա:

Եվ հետո, «Սասնա ծռեր» խմբավորումն էր այն ժամանակ, կուսակցությունը չկար, այն նոր է սկսում գործել, պետք չէ շփոթել կուսակցությունն ու խմբավորումը: Դրանք նույնանուն տարբեր բաներ են: Այս կուսակցությունը, երբ որ քայլ կանի, որը կհակասի օրենքին, ըստ օրենքի էլ կարելի է կասեցնել, պատժել, ձերբակալել և այլն: Հետո էլ՝ նրանց, ում մեղավոր են համարում, դեռևս դատական վճիռ չկա, իսկ Սահմանադրությամբ հստակ ասվում է՝ մարդն անմեղ է, քանի դեռ դատարանի որոշմամբ մեղավոր չի ճանաչվել: Եկե՛ք սպասենք: Ով մեղավոր լինի՝ նա չի առաջադրվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց դիվանագետ Արա Պապյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Ժիրայր Սէֆիլյանը ցուցակում ընդգրկված չէ, քանի որ դեռևս պաշտոնապես ՀՀ քաղաքացի չէ, Արա Պապյանը նկատեց.

«Կարծում եմ՝ երկար ժամանակ  ՀՀ քաղաքացիություն չէին տալիս, որ չառաջադրվեր, իսկ նոր Սահմանադրությամբ քաղաքացիություն ստանալու դեպքում իր կարգավիճակը չի փոխվում, շարունակում է մնալ երկքաղաքացի, դրա համար էլ տվեցին: Այսինքն, այսպես թե այնպես, չի կարողանալու առաջադրվել: Վերջին 4 տարին միայն ՀՀ քաղաքացի պետք է եղած լիներ: Լիբանանի քաղաքացիությունից եթե հրաժարվի՝ հաջորդ ընտրություններին նոր կկարողանան մասնակցել»:

Նշենք, որ «Սասնա ծռեր» կուսակցության  առաջին հորիզոնականում լինելու է Վարուժան Ավետիսյանը, երկրորդում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս