«Մենք չենք կարող կրավորական կեցվածք ընդունել, ձեռքներս լվալ և ասել՝ ինչ ուզում է լինի, թող Փաշինյանը գնա տապալվի»
«Մեր հայրենիքն այսօր ծառացած է բազմաթիվ արտաքին և անվտանգային մարտահրավերների առջև և, գիտակցելով այդ մարտահրավերները, ՀՀԿ-ն չի կարող գնալ բոյկոտի և կրավորական կեցվածք ընդունել: Դա ազնիվ չի լինի ո՛չ ընտրողների, ո՛չ հայրենիքի, ո՛չ կառավարության, ո՛չ ընդդիմության հանդեպ: Մենք չենք կարող կրավորական կեցվածք ընդունել, ձեռքներս լվալ և ասել՝ ինչ ուզում է լինի, թող Փաշինյանը գնա տապալվի: Դա ոչ պետական մոտեցում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Ըստ նրա՝ ՀՀԿ-ն գնում է ընտրության, որպեսզի զերծ պահեն հայրենիքն ու կառավարությանը ճակատագրական սխալներից և պաշտպանեն մարտահրավերներից: Շարմազանովի խոսքով՝ իրենք չեն կարող ուրախանալ Փաշինյանի տապալմամբ.
«Կներեք, մենք աբիժնիկ չենք, մենք հայրենիքի զինվոր ենք և նմանատիպ գնահատականներն իմ համար ընդունելի չեն: Հայրենիքի շահը վեր է ամեն ինչից»:
Է. Շարմազանովի բնորոշմամբ՝ ձեռքեր լվանալն անբարոյական մոտեցում է: