«ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Իրանի վրա». Բոլթոն
ԱՄՆ-ը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Իրանի իշխանությունների վրա: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
«Մենք գտնում ենք, որ Իրանի կառավարությունը մեծ ճնշում է զգում, եւ մենք մտադիր ենք շատ ուժեղ ճնշել նրանց»,- լրագրողներին ասել է Բոլթոնը Սինգապուրում՝ Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի տարեկան հանդիպման նախաշեմին: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «զգալիորեն կուժեղացնի հսկողությունը պատժամիջոցների ռեժիմի կատարման նկատմամբ»: «Ոչ մի կասկած չկա, որ Իրանն արդեն փորձում է պատժամիջոցներից խուսափելու ուղիներ գտնել ինչպես նավթի ճյուղում, այնպես էլ ֆինանսական շուկաներում»,- նշել է Բոլթոնը:
Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Թեհրանի դեմ նոյեմբերի 5-ից կիրառվող պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: «Ամերիկյան պատժամիջոցները ոչ մի ազդեցություն չեն գործել Իրանի տնտեսության վրա: Դրանք ոչ այլ ինչ են, քան հոգեբանական պատերազմի տարրեր: Վաշինգտոնը չի կարող դադարեցնել իրանական նավթի արտահանումը», -ասել է Ռոհանին: Նրա խոսքով, իրանական տնտեսությունը կարող է հաղթահարել Ամերիկայի կողմից ստեղծված ցանկացած խնդիր:
Իր հերթին Իրանի բանակի փոխհրամանատար Մահմուդ Մուսավին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը պատրաստ են ապահովել երկրի նավթային լցանավերի պաշտպանությունն ստացվող սպառնալիքների դեմ հադնիման: «Իրանի զինված ուժերը պատրաստ են, ինչպես եւ անցյալում, շարունակելու օժանդակություն ցույց տալ մեր առեւտրական նավատորմին եւ նավթային լցանավերին սպառնալիքներին դեմ հանդիման, որպեսզի մենք կարողանանք ծովային ուղիներն օգտագործել մեր շահերի ապահովման համար»,- ասել է նա:
Միացյալ Նահանգները նոյեմբերի սկզբին լիամասշտաբ պատժամիջոցներ են սահմանել Իրանի տրանսպորտային հատվածի դեմ: Ծովային բեռնափոխադրումների բնագավառում պատժամիջոցների տակ հայտնվածների թվում նշված են Իրանի ազգային ծովային փոխադրողը՝ «Իրանի Իսլամական Հանրապետության նավագնացային փոխադրումներ» (IRISL) ընկերությունը, «Իրանի ազգային լցանավային ընկերություն (NITC) նավթափոխադրող հսկան: Ցուցակում նաեւ ավելացված են IRISL-ի 65 դուստր ընկերություններ եւ դրանց հետ կապված անձինք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: