«Սասնա ծռերի» ցուցակը կգլխավորի Վարուժան Ավետիսյանը, երկրորդ տեղում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի նաև «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը:

«Առաջին հորիզոնականում կլինի Վարուժան Ավետիսյանը, երկրորդում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը:

«Մենք գալիս ենք՝ որպես հակակշիռ, որպես երկրորդ բևեռ՝ գիտակցելով, որ, եթե զսպող ուժ օր առաջ չձևավորվի մեր երկրում, ապա իշխող ուժի սխալները շատ կլինեն: Մեր կայացումն օգնելու է պետությանն ու իշխանությանը: Մենք գալիս ենք արմատական, համակարգային փոփոխություններ իրականացնելու, ինչպես նաև պատասխանատվության ենթարկելու այս տարիների ընթացքում մեր ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների պարագլուխներին:

Այո՛, այդ մարդիկ օր առաջ պետք է մեկուսացվեն: Խոսքը վերաբերում է և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին ու իրենց ենթակա բանդային: Այս տարիների ընթացքում հայաթափել են երկիրը, մարդ հնարավորություն չի ունեցել ապրել ու ստեղծագործել իր երկրում: Համոզված եմ՝ երբ ունենանք ժողովրդի մասին մտահոգվող ղեկավարություն, որը կունենա քաղաքական կամք, ժողովրդի սոցիալ-տնտեսական հարցերը կլուծվեն կարճ ժամանակահատվածում»,- նշեց Ժիրայր Սէֆիլյանը:

168.amի հարցին՝ համամի՞տ են այն տեսակետի հետ, որ «Սասնա ծռերին» ձայն կտան նրանք, ովքեր ծայրահեղականության կողմնակից են, Ժիրայր  Սէֆիլյանը պատասխանեց.

«Այո, լսել ենք, որ մեր մասին գնահատական տալուց «ծայրահեղական» բառն է օգտագործվում, կարծում եմ՝ սխալ բառ է:  Մեզ պետք է բնութագրել՝ որպես արմատական ուժ, այլ ոչ թե՝ ծայրահեղական: Պետք է գիտակցել, որ երկիրն  այս վիճակից կարելի է դուրս բերել միայն արմատական փոփոխություններով, ուստի արմատականներով գալիս ենք անկախ Հայաստան ստեղծելու, պատրաստվե՛ք»:

Դիտարկմանը՝ իրենց գրպանային ընդդիմություն համարո՞ւմ են, Ժիրայր Սէֆիլյանը պատասխանեց.

«Մենք նմա՞ն ենք գրպանային ընդդիմության»:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս