Ժիրայր Սէֆիլյանը «Սասնա ծռերի» ցուցակում չի լինի, քանի որ դեռ ՀՀ քաղաքացի չէ
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի նաև «Սասնա ծռեր» նորաստեղծ կուսակցությունը:
«Առաջին հորիզոնականում կլինի Վարուժան Ավետիսյանը, երկրորդում՝ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց կուսակցության ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանը՝ հավելլով, որ ինքը ցուցակում չի լինի, ամենայն հավանականությամբ, կգլխավորի շտաբը, քանի որ դեռևս պաշտոնապես ՀՀ քաղաքացի չէ:
«Հնարավոր էր անգամ հետին թվով ինձ քաղաքացիություն շնորհել, բայց չեղավ դա: Այս ամբողջին փիլիսոփայորեն ենք մոտենում: Ամեն դեպքում, դեռ քաղաքացիություն չունեմ, հատուկ ընթացակարգ կա: Համաձայն Սահմանադրության՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ են լինելու փաստաթղթերը, նա ստորագրելու է, հետո հասնելու է ինձ»,- ասաց Ժիրայր Սէֆիլյանը:
Նշենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն է տվել Ժիրայր Սէֆիլյանին ՀՀ քաղաքացիություն տալու դիմումին:
Այդ մասին նոյեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում հաղորդել էր արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Քաղաքացիությունը շնորհում է նախագահը, մենք դրական եզրակացությունը տվել ենք: Քաղաքացիություն տրամադրելու խնդիրը լուծված է»,- ասել էր Զեյնալյանը:
Անի Կարապետյան