Երևանի քաղաքապետը վստահեցնում է՝ ապօրինի շինությունների քանդման գործընթացը շարունակվելու է
«Երեկվա շինությունը միակը չէր, որտեղ իրականացվել են քանդման աշխատանքներ, պարզապես երեկվանը հայտնվել է բոլորի ուշադրության կենտրոնում: Եթե հետաքրքրվեք այլ վարչական շրջաններից, կտեսնեք, որ այս գործընթացը տեղի է ունենում ամբողջ քաղաքում, տեղի է ունեցել երեկ, տեղի կունենա և վաղը, մի խոսքով՝ այս գործընթացը շարունակական է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով Նոր Նորքում տեղի ունեցած երկհարկանի շինության քանդման աշխատանքներին, որը սոցցանցերում լայն քննարկման արժանացավ:
Հայկ Մարությանն ընդգծեց, որ շինության քանդման աշխատանքներ իրականացրել են միայն տվյալ համայնքին պատկանող հողի վրա: Բացի այդ, նա նաև հիշեցրեց, որ մեկ անգամ արդեն զգուշացրել էր, որ այսուհետ ապօրինի շինարարություններ չեն լինելու, ինչին մարդիկ լուրջ չեն վերաբերվել:
Նա վստահեցրեց, որ լուրջ են տրամադրված և պահելու են իրենց բռնած գիծը, քանի որ ինքը Երևանի քաղաքապետարան է եկել, որպեսզի պահպանի օրինականությունը և ներկայացնի քաղաքացիների շահերը, ուստի որևէ շեղում չի լինելու:
«Կդժվարանամ ասել, թե քանի ապօրինի շինություն կքանդվի, սակայն այդ գործընթացն անընդհատ տեղի է ունենալու: Եթե այս պահին սկսեն ապօրինի շինություններ կառուցել, ապա տեղի է ունենալու նույն բանը: Մեզ մոտ այս պահին աշխատում է շատ լավ մեխանիզմ օրինական շինություններին նպաստելու համար, թող գան դիմեն, և եթե նրանց նախագիծը համապատասխանում է սահմանված նորմին, ապա հանգիստ կարող են իրականացնել իրենց շինարարությունը:
Մենք ամեն ինչով նպաստելու ենք և լինելու ենք երևանցիների կողքին: Այն շինությունները, որոնք արդեն կառուցված են, և դրանց սեփականատերերը դիմելու են օրինականացման, մեկ առ մեկ դիտարկվելու են, որից հետո միայն կայացվելու է որոշում, սա շատ կարևոր է»,- ասաց Հայկ Մարությանը:
Երևանի քաղաքապետի խոսքով՝ անընդհատ այցելում է Երևանի տարբեր փողոցներ և լավ տեղյակ է, թե այս կամ այն փողոցում ինչ իրավիճակ է տիրում:
Զվարթ Խաչատրյան