«Մենք այլևս չենք լինի այդպիսի կոալիցիաների մեջ, որտեղ առանց ՀՅԴ-ի կարող են որոշումներ ընդունել». Արմեն Ռուստամյան
Հայ հեղափոխական դաշնակցությունը չի պատրաստվում կոալիցիա կազմել մի քաղաքական ուժի հետ, որտեղ իրենց ձայնը վճռորոշ չէ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Մենք այլևս չենք լինի այդպիսի կոալիցիաների մեջ, որտեղ առանց Դաշնակցության կարող են որոշումներ ընդունել: Սա երևի մեր անցած ճանապարհի ամենագլխավոր գնահատականն է»,- ասաց Ա.Ռուստամյանը՝ հավելելով, որ Փաշինյանի կառավարության հետ կոալիցիան մի քիչ տրամաբանություն ուներ իր մեջ, քանի որ առանց ՀՅԴ-ի չէին կարողանում 3/5-րդ ձայն ապահովել ԱԺ-ում, բայց մնացած դեպքերում ՀՅԴ ձայնը վճռորոշ չի եղել:
Անդրադառնալով ՀՀԿ-ի հայտարարությանը, թե միայն իրենք են իրական ընդդիմությունը, Ա.Ռուստամյանը նշեց, որ քաղաքագիտական առումով ճիշտ չի ընտրությունների ընթացքում ասել՝ ով է ընդդիմադիր, ով՝ ոչ: Ըստ նրա՝ երբ իշխանությունը ձևավորվի, այն ժամանակ կորոշվի՝ ով է ընդդիմություն, իսկ մինչ այդ ուժերը պետք է հավասար պայմաններում մրցակցեն իրար հետ: