ՀԴԿ-ն չի մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը չի մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևյալ պատճառներով:
Մենք դեմ ենք եղել 2015թ. առաջարկված Սահմանադրության նախագծին և կոչ ենք արել դեմ քվեարկել հանրաքվեի ժամանակ: Սահմանադրությունն ընդունվել է կեղծիքների և հավելյալ, երկրից բացակայող քաղաքացիների «քվեների» հաշվին:
Այդ նույն Սահմանադրության պահանջով ստեղծվել և ընդունվել է ընտրական օրենսգիրք, որի հիմնական սկզբունքներն ու հոդվածներն անընդունելի են եղել մեր կուսակցության համար և մի շարք քաղաքական ուժեր դատապարտել են նախկին ռեժիմի մտադրությունն իրենց վրայով ձևված օրենքով ընտրությունների անցկացման որոշումը:
Այս տարվա գարնանը կայացած մեր ժողովրդի զարթոնքը՝ թավշյա, ոչ բռնի իշխանափոխության փաստը, մեծ հույսեր է արթնացրել բոլոր նրանց մոտ, ովքեր պայքարել են հանուն երեք ռեժիմների ժամանակ երկրում ստեղծված անարդար, ապօրինի ձեռք բերված հարստության հիմքի վրա խարսխված մենաշնորհային, օլիգարխիկ համակարգը ամբողջովին կազմաքանդելու նպատակի:
Նոր վարչակազմը սկսել է այս գործընթացը: Տրվել են հստակ խոստումներ, նախանշվել են որոշակի գործողություններ: Սակայն, համակարգային նշանակություն ունեցող երևույթը մնում է անփոփոխ: Արտահերթ ընտրություններն անց են կացվելու հին ընտրական օրենսգրքով, ինչը բացառում է ժողովրդավարական ընտրության կատարումը:
Այսպիսով, նոր իշխանությունները չեն կատարել իրենց խոստումը՝ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով, համապատասխան փոփոխություններ կատարել «Կուսակցությունների մասին» օրենքում՝ հավասար պայմաններ ստեղծելով ընրություններին մասնակցող քաղաքական ուժերի համար, բացառելով ընտրակաշառքի բաժանման հնարավորությունը, որպես սկզբունք հաստատելով գաղափարական ծրագրերի, այլ ոչ թե փողի մրցակցությունը:
Մենք դեմ կգնայինք մեր սկզբունքներին, եթե մասնակցեինք նախորդ ռեժիմի հիմքը վերարտադրող քաղաքական միջոցառմանը:
Հետևաբար, նոր իշխանություններից պահանջում ենք կատարել իրենց իսկ տված խոստումը՝ մեկ տարվա ընթացքում բարեփոխել ընտրական օրենսգիրքը, մի շարք այլ օրենքներ և 2020թ. գարնանն անցկացնել Ազգային Ժողովի նոր, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան ընտրություններ:
Որպեսզի չգա ևս մի օր, երբ Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի հայտարարել. «Ես սխալ էի, նա ճիշտ էր»:
Հայաստանի դեմոկրատական կուսակցության Հանրապետական Խորհուրդ
13.11.2018թ.