Փաշինյանը պարզաբանեց՝ ինչու է հումանիտար առաքելություն ուղարկվում Սիրիա
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում 2019թ. բյուջեի քննարկման ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդո՞ք բավարար է համարում բյուջեում Սիրիա գործուղվող հայկական զորախմբին հատկացվող ֆինանսական միջոցները։
«Որքանով ես տեղյակ եմ՝ այս միջոցները պետք է բավարար լինեն, որպեսզի ապահովեն անվտանգության միջավայրը, նյութատեխնիկական ապահովումը, աշխատավարձը։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ծախսերը հոգալու է ՀՀ-ն։ Եթե հնարավոր է՝ խնդրում եմ փակագծերը բացեք՝ Սիրիա հայկական զորախումբ գործուղելու մտադրությունը եղել է ձե՞րը, թե՞ ՌԴ մեր ռազմավարական գործընկերներն են նման խնդրանքով հերթական անգամ դիմել Հայաստանին»,- հետաքրքրվեց Աշոտյանը։
Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սիրիայի հետ կապված՝ կառավարության քաղաքական նպատակն է՝ աջակցել Սիրիայի հայ համայնքին.
«Աջակցել, որպեսզի մեր հայրենակիցները վերադառնան խաղաղ կյանքի, և դա բացառապես հումանիտար առաքելություն է, որևէ ռազմական նշանակություն չունի։ Այդ ծրագիրը մենք կիրականացնենք ՀՀ բյուջեով նախատեսված շրջանակում։ Մենք այդ ամենը նախատեսել ենք, որ պատշաճ ձևով իրականացվի։ Այդ հումանիտար առաքելության հասցեատերը Սիրիայի համ համայնքն է, կոնկրետ՝ հալեպահայությունը, որովհետև այսօր, ինչպես նախկինում, հայության մեծամասնությունը կենտրոնացած է Սիրիայում։
Նախաձեռնության հետ կապված՝ առաջինը նպատակի ձևակերպումն է, և այդ նպատակը, ըստ էության, շատ երկար ժամանակ ձևակերպվում է թե՛ Սիրիայի հայության կողմից, թե՛ Հայաստանի հանրության կողմից, և մենք անընդհատ տարբեր կառուցների առաջ, այդ թվում՝ Սիրիայի, Ռուսաստանի կառավարությունների առաջ հարց ենք բարձրացրել՝ Սիրիայի մեր հայրենակիցների հետ կապված խնդիրները լուծելու առումով։
Այդ քննարկումների արդյունքում ծագել է գաղափար, որ քանի որ իրավիճակը Սիրիայում փոխվում է, կարծես թե պրոցեսները պարզ են, թե ինչ ուղղությամբ են գնում, և պետք է պատրաստվել խաղաղ կյանքի, այդպես ծագել է գաղափարը, որպեսզի մենք էլ մեր ներդրումն ունենանք հալեպահայության խաղաղ կյանքի համար դաշտ ստեղծելու գործում»։
Արմեն Աշոտյանը նշեց, որ նախորդ իշխանության տարիներից իրեն հասանելի չէ որևէ ուղերձ կամ խնդրանք՝ սիրիահայության կառույցների կողմից՝ այնտեղ նմանատիպ գործողություն իրականացնելու.
«Ինչպես նաև՝ դեռ հասանելի չէ հանրությանը՝ Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանը՝ նման գործողություն իրականացնելու։ Ինչ վերաբերում է կոնտինգենտի անվանմանը, ես հասկանում եմ՝ ինչու եք դուք պարբերաբար այդ ձևակերպումը տալիս, ընդունում եմ դա, բայց երբ ասում եմ՝ զինվորական կոնտինգենտ, նկատի չունեմ՝ ռազմական գործողություններին մասնակցող, պարզապես մեր քաղաքացիները շատ հստակ պատկերացնեն, որ անգամ բժիշկները և սակրավորները, եթե գտնվում են ուսադիրի տակ, համարվում եմ ԶՈՒ մաս՝ անկախ նրանից՝ ռազմական ակտիվ գործողություններ իրականացնո՞ւմ են, թե՞ ոչ։
Թեպետ, որքանով ես տեղյակ եմ՝ այդ զորախումբն ունենալու է նաև մեր ապագա սպաների, բժիշկների պաշտպանությունը հոգացող ռազմականացված միավոր։ Չի կարող չունենալ, որովհետև հաշվի առնելով անվտանգության միջավայրը Հալեպում, մեր բժիշկների և սակրավորների պաշտպանության խնդիրը պետք է նույնպես դրված լինի»։
Փաշինյանն էլ նշեց, որ կային մտահոգություններ, որ միջազգային գործընկերների համար անընդունելի կլինի այդպիսի առաքելության իրականացումը, բայց ըստ Փաշինյանի՝ բոլոր գործընկերներն ըմբռնումով են մոտենում այդ ցանկությանը. «Մենք այդ առաքելությունը կիրականացնենք ճշգրիտ, մեր նկարագրածի շրջանակում, ոչ մի միլիմետր դրանից ավելի»։