«Այդ գրանտը ուղղակի նվեր չէ». Տիգրան Ավինյան
Այսօր ԱԺ-ում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանից լրագրողները հետաքրքվեցին, թե ինչպես է իր ընտանիքին պատկանող ընկերությունը դրամաշնորհ ստացել:
Ի պատասխան նա ասաց, թե մի քանի անգամ արդեն անդրադարձել է այդ, այսպես կոչված՝ կոռուպցիոն սկանդալին, որը, սակայն, ըստ նրա՝ կոռուպցիայի հետ որևէ աղերս չունի:
«Բոլոր այն մեկնաբանությունները, որոնք արել եմ նախկինում, բավարար չափով բացատրում են իրավիճակը»,- ասաց նա:
Հարցին, թե ի՞նչ եք կարծում, եթե դուք լինեիք ընդդիմադիր ավագանու անդամ, էլի կստանայի՞ք այդ 35 հազար դոլարը ձեր չրերի արտադրման համար՝ Տիգրան Ավինյանը պատասխանեց.
«Դա ինձ չի տրվել: Նախ՝ ձեր չի, այդ ընկերությունն այլևս ինձ չի պատկանում, երկրորդը՝ այդ գրանտը ուղղակի նվեր չէ, այդ գրանտի չափով ներդրում է ենթադրվում անել, որն արդեն արվել է այդ ընկերության կողմից: Վստահեցնում եմ՝ ես լինեի փոխվարչապետ, ավագանու անդամ, թե ընդդիմադիր գործիչ՝ այդ գրանտն այդ ընկերությունը ստանալու էր, որովհետև շատ երկար տարիներ գործել է այդ ընկերությունը»: