Թրամփը հրդեհներից տուժած Կալիֆոռնիան տարերային աղետի գոտի է հայտարարել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը տարերային աղետի գոտի է հայտարարել Կալիֆոռնիայի նահանգը, որտեղ անցած շաբաթվանից մոլեգնում են անտառային հրդեհները: Այդ մասին ԱՄՆ-ի ղեկավարը գրել է իր Twitter-ում:
«Ես հենց նոր հավանություն տվեցի Կալիֆոռնիայի նահանգի համար տարերային աղետի ռեժիմ արագացված սահմանման խնդրանքին: Ես ցանկանում էի օպերատիվորեն արձագանքել, որպեսզի թեթեւացվեն այն աներեւակայելի տառապանքները, որ մարդիկ կրում են այնտեղ: Ես ամբողջությամբ ու լիովին ձեզ հետ եմ»,- գրել է նախագահը:
Ըստ վերջին տվյալների՝ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 44-ի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ անտառային հրդեհների հետեւանքով զոհվել է 31 մարդ, եւս 228-ը համարվում է անհայտ կորած: Կրակը ոչնչացրել է 6700 շենք, դրանց մեծ մասը բնակելի տներ են:
Գրեթե լիովին այրվել է Փարամաունթ Ռանչ քաղաքը, որտեղ նկարահանել են բազմաթիվ կինոժապավեններ: Ամբողջ նահանգում ավելի քան 300 հազար մարդ հարկադրված է եղել լքելու իր տունը: Հիմնական մասը տարահանվել է Լոս Անջելեսի օկրուգում՝ 170 հազար մարդ: Հրդեհների դեմ պայքարում, որոնք ճանաչվել են Կալիֆոռնիայի պատմության մեջ ամանաավերիչները, գործի են դրված 400-ից ավելի հրշեջներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: