Գազայի հատվածից 370 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Պաղեստինցի արմատականները նոյեմբերի 12-ի երեկոյից Գազայի հատվածից 370 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 100-ը կալանվել են հակաօդային պաշտպանության «Երկաթյա գմբեթ» համակարգի կողմից: Այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
«Իսրայելի քաղաքացիական անձանց դեմ ահաբեկչական կազմակերպությունների լայնամասշտաբ գրոհի սկսվելուց ի վեր Գազայի հատվածում 370 հրթիռի արձակում է գրանցվել Իսրայելի ուղղությամբ, դրանցից 100-ը կալանվել են «Երկաթյա գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից»,- ասված է զինվորականների կողմից տարածված հայտարարության մեջ:
Haaretz թերթի տեղեկատվության համաձայն՝ հրթիռակոծումների հետեւանքով մեկ մարդ է զոհվել: Իսրայելացի բժիշկները հայտնել են 53 տուժածների մասին: Բանակի մամուլի ծառայությունում նաեւ հայտնել են, որ Իսրայելի պաշտպանության բանակը ի պատասխան հրթիռակոծումների 100-ից ավելի ռազմական օբյեկտներ է խոցել Գազայի հատվածում:
«Գազայի հատվածում իսրայելական բանակի շարունակվող հարվածները հասցվում են ի պատասխան ահաբեկչական լուրջ գրոհների՝ Գազայից Իսրայելի տարածքի հրթիռակոծման եւ ականակոծման»,- հավելել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: