Հայաստանը դեկտեմբերի 9-ին թեստ է հանձնելու
«ԱԺ արտահերթ ընտրություններում կարևոր են լինելու հասարակական տրամադրությունները, և այն, թե որ ուժին նախապատվություն կտա հասարակությունը: Եթե ակնհայտ հակառուսական դիրքորոշում ունեցող ուժերը ստանան մեծ տոկոսներ, դրանից պետք է հետևություն անեն Հայաստանի ուղղությամբ ռուսական քաղաքականությունը մշակողները: Սա թեստ է լինելու: Սակայն հայ հասարակությունում ներկայումս լուրջ հակառուսական տրամադրություններ չկան: Դրանք ավելի ակտիվորեն գեներացնում են քաղաքական ուժերը՝ ինչ-ինչ նպատակներով կամ Ռուսաստանից ինչ-ինչ արտոնություններ ստանալու ակնկալիքով, սակայն այս կարծիքներն է՛լ ավելի հստակ կդառնան ընտրությունների արդյունքներից հետո»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Սասնա ծռեր» կուսակցության մասնակցությանը: Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասել է, որ քաղաքական դաշտի արմատականացումը դրական հանգամանք չէ:
«Բոլորի համար պարզ է, որ առաջատարը լինելու է ներկայումս իշխող կուսակցությունը, և ևս մի քանի ուժեր ստանալու են շատ ցածր տոկոսներ՝ դրանով իսկ ողջ պատասխանատվությունը լինելու է իշխող ուժի վրա: Չեմ կարծում, որ «Սասնա ծռերն» ընդհանրապես կլինեն խորհրդարանում: Ուստի ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններն ապագայում ավելի վատ լինեն, քան այսօր են»: Նրա խոսքով՝ խորհրդարանում կարող են լինել և՛ արևմտամետ, և՛ ռուսամետ ուժեր, սակայն գլխավոր թելադրողը լինելու է ներկայիս վարչապետը, որ, նրա կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքական կյանքում որևէ բան չի փոխելու:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: