Alibaba-ն կրկին վաճառքների ռեկորդ սահմանեց Ամուրիների օրը
Չինաստանի Alibaba Group Holdings Ltd. ընկերությունը վաճառքների նոր ռեկորդ է սահմանել Միայնակ մարդկանց օրվա (կամ Ամուրիների օրվա) առթիվ սպառավաճառքի տասներորդ տարեդարձին, որը ՉԺՀ-ում նշվում է նոյեմբերի 11-ին: Այդ օրն Alibaba-ի հարթակներում վաճառված ապրանքների ծավալը հասել է 30,8 միլիարդ դոլարի, ինչը 21,7 տոկոսով բարձր է մեկ տարի առաջ արձանագրված ցուցանիշից: Այդ մասին ասված է ընկերության բլոգում:
2017 թվականին վաճառքներն ավելացել էին 39 տոկոսով: 2017 թվականի վաճառքների ռեկորդը (17,8 միլիարդ դոլար) գերազանցվել է սպառավաճառքի առաջին օրվա ավարտից մի քանի ժամ առաջ: Սպառավաճառքի առաջին 85 վայրկյանին ընկերության հարթակներում վաճառվել են 1 միլիարդ դոլար արժեքով, իսկ առաջին ժամի վերջին՝ գրեթե 10 միլիարդ դոլար արժեքով ապրանքներ, հաղորդել է BBC-ն:
Սպառավաճառքի օրվան մասնակցել են ավելի քան 180 հազար բրենդներ մեկ տարի առաջվա 140 հազարի դիմաց: Միայնակ մարդկանց օրը (կամ Ամուրիների օրը) չինական ավանդական տոներից չէ: Չինաստանի կոմկուսի «Ժենմին Ժիբաո» հրատարակության տվյալներով՝ ՉԺՀ-ի ուսանողներն այն հնարել են ի հակակշիռ Սուրբ Վալենտինի օրվա:
Նոյեմբերի 11-ի օրը պատահաբար չի ընտրվել. թվերի մոգությանը հավատող չինացիների կարծիքով՝ 11.11 թիվը հիշեցնում է «մերկ ճյուղեր»՝ Չինաստանում այդպես են կոչում միայնակ տղամարդկանց եւ կանանց, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: