Բաժիններ՝

Առակ կոշկակարի մասին

Մի բարեպաշտ կոշկակարի մասին երկու առակների միջոցով եկեք տեսնենք, թե երկուսից որի՞ն ենք նման, ո՞ւմ օրինակին ենք հետևում:

Առակ կոշկակարի մասին

Մի քաղաքում ապրում էր մի բարեպաշտ կոշկակար: Ս. Ծննդյան տոնի նախօրեին նա երազում տեսավ մի հրեշտակի, ով հայտնեց նրան, թե հաջորդ օրը Տեր Աստված հյուր էր գալու իր տուն:

Վաղ առավոտվանից կոշկակարը սկսեց պատրաստվել թանկագին հյուրին դիմավորել: Մաքրեց տունը, կարկանդակներ թխեց, հագուստը փոխեց և սկսեց սպասել: Շուտով նրա տան դուռը թակեց մի հաշմանդամ զինվոր՝ խնդրելով թուլ տալ իրեն ներս մտնել, փոքր-ինչ հանգստանալ, կրակի մոտ տաքանալ, քանի որ շատ հոգնած էր:

Մեկ ուրիշ օր կոշկակարը նրան սիրով կընդուներ, քանի որ բարի մարդ էր, բայց այդ օրը զինվորը նրան քիչ հետաքրքրեց, և նա չընդունեց զինվորին:

Որոշ ժամանակ անց նրա տան դուռը թակեց մի կին՝ մանկահասակ զավակը գրկում: Նա ջուր և կարկանդակ խնդրեց մանկան համար: Թեև կոշկակարը միշտ էլ օգնել էր կարիքավորներին, տուն հրավիրել, հյուրասիրել, երեխաներին ինչ-որ խաղալիք պատրաստել ու տվել, այդ օրը նա կնոջը մերժեց. չէ՞ որ կարկանդակները Տիրոջ համար էին նախատեսված:

Երեկոյան կողմ նրա տան դուռը թակեց մի աղքատ մարդ՝ խնդրելով թույլ տալ տուն մտնել: Կոշկակարը նրան էլ չընդունեց. չէ՞ որ չարչարվել էր, հատակը լավ մաքրել, որ երբ Տերը գար՝ պատշաճ մաքուր լիներ:

Սպասեց կոշկակարը մինչև կեսգիշեր, բայց Տեր Աստված այդպես էլ չեկավ:
Երբ երազում նրան հայտնվեց նույն հրեշտակը, կոշկակարը բողոքեց՝ ասելով, թե նա իրեն խաբել էր:

Հրեշտակը հոգոց հանեց և ասաց.

– Ինքդ քեզ մի խաբիր: Տեր Աստված քեզ հյուր եկավ, և այն էլ՝ երեք անգամ՝ հաշմանդամ զինվորի, մոր ու մանկան և աղքատի կերպարանքով: Ինքդ ես մեղավոր, որ Տիրոջը քո տուն չընդունեցիր:

Մեկ այլ առակ կոշկակարի մասին

Մի քաղաքում ապրում էր մի բարեպաշտ կոշկակար: Նա հավատավոր քրիստոնյա էր, միշտ հաճախում էր եկեղեցի: Ս. Ծննդյան տոնի նախօրեին նա հիվանդացավ և չէր կարող հաջորդ օրը պատարագի մասնակցել: Դա նրան շատ վշտացրեց: Գիշերը նա երազում լսեց Տիրոջ ձայնը. «Քանի որ դու չես կարող գալ Ինձ մոտ, վաղն Ինքս կգամ քեզ մոտ»:

Արթնացավ կոշկակարը և շատ ուրախացավ՝ մտածելով. «Մի՞թե Տեր Աստված շնորհ կանի և կայցելի ինձ»:

Առավոտյան արթնանալուն պես նա սկսեց կարգի մաքրել ու բերել տունը, տոնական ուտեստներ պատրաստել՝ սպասելով ցանկալի հյուրին: Հանկարծ պատուհանից նկատեց հեկեկացող մի տղայի: Մոտ կանչեց նրան և հարցրեց, թե ինչ էր պատահել:
– Այսօր պատռվեցին ձմեռային միակ կոշիկներս, մնացել եմ ոտաբոբիկ, ոտքերս սառչում են: Մենք աղքատ ենք, չենք կարող նորը գնել…

Կոշկակարը հանգստացրեց տղային ու ասաց.

– Տուր ինձ կոշիկներդ, տղաս, կնորոգեմ:

Կարճ ժամանակ անց երջանկությունից փայլող տղան հագավ նորոգված կոշիկներն ու գնաց: Ճանապարհելով նրան՝ կոշկակարը շարունակեց իր գործը:

Երեկոյան կողմ նրա տան դուռը թակեց մի աղքատ կին՝ ասելով.

– Ներեցեք ինձ, խնդրում եմ: Կոշիկներս ձեզ մոտ էի բերել՝ նորոգման, բայց վճարելու հնարավորություն չունեմ… Իսկ առանց տաք կոշիկի մնալ չեմ կարող, արդեն ցրտել է…

Կոշկակարը ժպտաց ու ասաց.

– Կոշիկներդ պատրաստ են, վերցրու, ոչինչ հարկավոր չէ:

Վրա հասավ գիշերը: Վաղուց վերջացրած գործերը՝ կոշկակարը պատուհանի մոտ նստած սպասում էր թանկագին հյուրին: Արդեն ուշ էր, հոգնելով սպասումից՝ կոշկակարը պատրաստվեց անկողին մտնել: Այդ պահին նրա տան դուռը թակեցին: Դուռը բացելով՝ կոշկակարը տեսավ մի ճամփորդի, ով ասաց.

– Թույլ տուր գիշերել քո տանը: Ամբողջ օրը ճանապարհ եմ կտրել, հոգնել եմ: Ոչ ոքի չեմ կարող դիմել, ոչ ոք ինձ իր տուն չի թողնի…

Խղճաց նրան կոշկակարը, ներս առավ: Հյուրասիրեց ճամփորդին և պառկեցրեց քնելու իր անկողնում, իսկ ինքը գետնին քնեց: Քուն մտնելուց առաջ նա մտածեց. «Թերևս արժանի չեղա Տիրոջ այցելությանը: Նա ինձ չայցելեց, չարժանացրեց տոնն Իր հետ նշելու շնորհին…»

Իսկ երազում նա դարձյալ լսեց Տիրոջ ձայնը.

– Սխալվում ես, այսօր Ես երեք անգամ այցելեցի քեզ, և ամեն անգամ դու Ինձ սրտաբաց ընդունեցիր:

«Քաղցած էի, և ինձ ուտելիք տվեցիք, ծարավ էի, և ինձ ջուր տվեցիք, մերկ էի, և ինձ հագցրեցիք, հիվանդ էի, և ինձ տեսնելու եկաք, բանտում էի, և ինձ այցի եկաք… Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք այդ՝ ինձ համար արեցիք»: (Մատթ. 25:35-37, 40):

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս