«Սահմանում լարվածությունը ո՛չ նվազել է, ո՛չ էլ կնվազի». Ադրբեջանագետ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված Դուշանբեի պայմանավորվածություններից հետո բավականին նվազել է սահմանային լարվածությունը: Այս մասին նոյեմբերի 6-ին լրագրողների հետ զրույցում ասել էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
«Գործում է օպերատիվ կապը, խախտումների ժամանակ միանգամից տեղեկացնում ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն»,- նշել էր նա։
«Դուշանբեի հանդիպումն ուղղակի ոտքի վրա էր, այն լիարժեք բանակցություն չի կարելի համարել: Կապի հարցն էլ ծիծաղելի է: Ասում են ՝ ուղիղ կապ կա: Այս տեխնիկայի դարում կապ հաստատելը խնդիր չէ Ալիևի, նրա կնոջ կամ էլ Մամեդյարովի հետ: Դրանք հեշտ լուծվող հարցեր են: Կարևորը քաղաքական կամքն է, հարցերը բանակցությունների միջոցով լուծելու ցանկությունն ու ունակությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը:
Ինչ վերաբերում է սահմանում լարվածության նվազմանը, նկատեց.
«Սահմանում լարվածությունը ոչ նվազել է, ոչ էլ կարող է նվազել: Ադրբեջանը շարունակում է մնալ նույն դիրքորոշմանը, ունի հստակ նպատակ, չի պատրաստվում որևէ զիջման. Բերդավան գյուղի բնակիչ, այդ երկրում գերության մեջ պահվող Կարեն Ղազարյանի ցուցադրական դատն ու վճիռը, որն արդեն իսկ ստորագրված է, թարմ ապացույց: Հայաստանի ցանկացած իշխանության համար զիջումների մասին անգամ բարբաջանքն ինքնասպանություն կլինի՝ անկախ ռեյտինգից:
Սա նաև համաշխարհային հանրությունը պետք է հասկանա ու չփորձի ճնշել մեր իշխանություններին: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանում ուղիղ կերպով ասաց, որ զենք պետք է վաճառեն հակամարտող կողմերին, սակայն Հայաստանը մեծ քանակությամբ զենք ի վիճակի չէ ձեռք բերել ո՛չ ՌԴ-ից, ո՛չ ԱՄՆ-ից: Ստացվում է, որ համանախագահող երկիրը զենք է վաճառելու Ադրբեջանին, որով պետք է սպանեն հայ խաղաղ քաղաքացու, զինվորների: Մտածե՛ք՝ մեզ արդյո՞ք պետք են միջնորդներ, ովքեր մինչև ատամները զինում են Ադրբեջանին ու դրդում են նոր պատերազմի»:
Անդրադառնալով ներկայիս իշխանության կողմից վարվող քաղաքականությանը՝ ադրբեջանագետն ասաց.
«Առայժմ խոսք է, հուսով եմ, որ դրանք առաջիկայում գործնական քայլերի կվերածվեն: Մեկին երկուսով պետք է պատասխանել, որովհետև Ադրբեջանում միայն ուժի լեզուն են հասկանում: Հիմա բոլորն են գիտակցում, որ ՀՀ-ն առանց Արցախի և նրա փոխարեն իրավունք չունի բանակցել: Սա հողի հարց չէ, այն ցեղասպանությունից փրկված ժողովրդի հարցն է»:
Անի Կարապետյան