««Մենք» դաշինքը  հավակնում է լինել այսօրվա իշխանության գլխավոր ընդդիմախոսը». Խաչատուր Քոքոբելյան

«Հայաստանում գրեթե ցանկացած ընտրություններից հետո ի հայտ են եկել գրպանային ընդդիմություններ, որոնք ապահովել են բացառապես այս կամ այն ընտանիքի բարեկեցությունը։ Եղել են քաղաքական ուժեր, և հիմա էլ կան, որոնք միայն իշխանական փայի մեջ փայաբաժին մտնելու խնդիր են լուծում»,- այսօր այս մասին հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը՝ ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին «Մենք» դաշինքով մասնակցելու վերաբերյալ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ հուշագրի ստորագրումից հետո ունեցած ելույթում։

Քոքոբելյանն ասաց, որ միավորվել են, որովհետև երկու ուժերն էլ եղել են սկզբունքային, առաջնորդվել հանուն ՀՀ քաղաքացու. «Ես վստահ եմ, որ կլինեն քաղաքական ուժեր, որոնք կփորձեն այս ընտրություններին էլ ձայնահավաքությամբ զբաղվել՝ ռեսուրսներ, փողաբաժանություն և այլն, բայց նաև վստահ եմ, որ թե՛ կառավարությունը, թե՛ այն ժողովրդավարական ուժերը, որոնք մասնակցում են այս ընտրություններին, դա ուղղակի կկանխեն»։

«Ազատ դեմոկրատների» նախագահի խոսքով՝ կոռուպցիան վերացնելու, երկրում տնտեսության զարգացման, արդյունավետ կառավարման հաստատման համար Հայաստանում անհրաժեշտ է կատարել համակարգային փոփոխություններ. «Մենք բերում ենք այդ համակարգային փոփոխությունները: Մենք ապահովելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունը դառնա ինքնավստահ երկիր»։

Նա նշեց, որ տնտեսությունը պետության ողնաշարն է. «Եթե տնտեսությունը չի զարգանում, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքը չի կարող լավանալ: Այսօր ամբողջ աշխարհում ցանկացած զարգացած երկիր փորձում է իր երկիրը դարձնել հարմարավետ և երջանիկ ապրելու երկիր: Մենք Հայաստանի Հանրապետությունը դարձնելու ենք այնպիսի երկիր, որտեղ ապրելը հարմարավետ կլինի, այլ ոչ թե Հայաստանը կլինի էժան բիզնես հիմնադրելու երկիր»։

Կարդացեք նաև

Քոքեբելյանը հավելեց, որ հավակնում են լինել այսօրվա իշխանության գլխավոր ընդդիմախոսը. «Մենք լինելու ենք արևմտյան արժեհամակարգի վրա խարսխված բովանդակային ընդդիմություն»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս