«Քաղաքական դաշտում միայն Փաշինյանի կողմնակիցներն ու ՔՊ-ն չպետք է լինեն». Արամ Սարգսյան
«Ես ու դու մենք ենք» կարգախոսով առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացնում «Մենք» դաշինքում միավորված «Ազատ դեմոկրատներ» և «Հանրապետություն» կուսակցությունները։ Այսօր՝ նոյեմբերի 10-ին, երկու կուսակցությունները հուշագիր ստորագրեցին։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պարզաբանեց, թե ինչու են միավորվել «Ազատ դեմոկրատների» հետ։
««Մենք» դաշինքը համարում է, որ հեղափոխությունն իր վերջնական նպատակին հասած կլինի, եթե տեղի ունենան մի շարք փոփոխություններ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական կյանքում։ Դժբախտաբար, անցած 6 ամիսների ընթացքում արտաքին քաղաքական ոլորտում կան թերացումներ և մենք հակված ենք այդ բացը լրացնել։
Մեր երկու կուսակցություններն արևմտյան արժեքներին են կողմնակից։ Մենք Ռուսաստանին դեմ չենք, ուղղակի այն ազդեցությունը, որն այսօր էլ բանեցվում է ՀՀ իշխանությունների վրա, չափից ավելի մեծ է, և հենց այդ ազդեցությունը բալանսավորելու համար անհրաժեշտ է լուրջ աշխարհաքաղաքական, գաղափարական, ալտերնատիվ միավորի առկայությունը քաղաքական դաշտում»։
Սարգսյանն ասաց, միավորվելու երկրորդ պատճառը քաղաքական գործունեության, քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր գործընթացներին մասնակցության դիվերսիֆիկացիային է վերաբերում.
«Այո, հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, բայց նա էլ է պնդում, որ հեղափոխությունն արել է ողջ հայ ժողովուրդը՝ Փաշինյանի գլխավորությամբ, դա չի նշանակում, որ հեղափոխությունից հետո քաղաքական դաշտում պետք է լինեն միայն Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն ու ՔՊ-ն։ Այդ հեղափոխությունը զրոյական արժեք կունենա, եթե քաղաքական դաշտում միայն ՔՊ-ն լինի։ Քաղաքական դաշտի դիվերսիֆիկացումն օգտակար է թե՛ ՀՀ-ին, թե՛ մեր քաղաքացիներին, թե՛ գործող իշխանությանը»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում