Մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ. Երևանի գլխավոր ճարտարապետն այցելել է Քաղաքաշինության կոմիտե
Երևւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն այցելել է Քաղաքաշինության կոմիտե:
«Առաջին անգամ՝ ի դեմս Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի, հնարավորություն է ստեղծվել փոխըմբռնման մթնոլորտում, առանց իրարամերժ տեսակետների՝ ունենալ մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին հյուրընկալելիս:
Մայրաքաղաքի վերաբերյալ քաղաքաշինական որոշ խնդիրներ քննարկելուց հետո, Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանն ընդունել են «Դալան թեքնոլոջիս» խմբի ներկայացուցիչներին:
Խմբի ղեկավար Արմեն Տեր-Տաճատյանը ներկայացրել է Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող տարածքում ՏՏ տեխնոլոգիաների ոլորտում աշխատող կազմակերպությունների համար նախատեսվող համալիրի նախագիծը:
Նա խոսել է այն մասին, որ Հայաստանում՝ գերակա հանդիսացող այս ոլորտի ընկերությունների գործունեության համար ֆիզիկական ենթակառուցվածքներ գրեթե չկան: ՏՏ ոլորտում աշխատող կազմակերպությունները հիմնականում տեղակայված են խորհրդային շենքերում և բավականին դժվար է ապահովել համապատասխան պայմաններ՝ այս սեկտորի մեջ օրեցօր ներգրավվող անձանց որակյալ աշխատանքի համար:
Ավետիք Էլոյանն ու Արթուր Մեսչյանը ողջունել են միանական լուծումներ ենթադրող ծրագրի գաղափարը, առաջարկող կողմի հետ միասին քննարկել որոշ խնդիրներ:
Համալիրը, որը նախագծվել է «Շենքերի սեփականատերերի և կառավարիչների ասոցիացիայի» չափորոշիչներով (Boma), նախատեսված է 2600 աշխատակցի համար:
Այն ներառելու է գրասենյակային տարածքներ, հանգստի ենթակառուցվածքներ, ուսումնական կենտրոն, ունենալու է ժամանակակից լուծումներով հագեցած արտաքին միջավայր:«Մայրաքաղաքի զարգացման միասնական հայեցակարգ».