Բաժիններ՝

«Համասեռամոլությունը պղծություն է, հիվանդություն, որը պետք է բուժել, ոչ թե այդ մարդկանց վառել». Եսայի քհն. Արթենյան

Այս օրերին կրկին փորձեցի վերանայել այն հարցը, թե ո՞վ է իրական թշնամին, ինչպիսի՞ն է նա, ինչպես նաև փորձեցի հասկանալ, թե «սիրիր թշնամուդ» պատվիրանն ինչո՞ւ է այդքան անիրական թվում: «Նոր սերունդ» ՀԿ-ը, ով կազմակերպիչն էր իբր «քրիստոնյա» գեյերի ֆորումի, ներկայացրեց մի քանի տեսակետներ ֆորումի չեղարկման և իրենց գործունեության մասին: Մի կողմից մեղադրելով հայ «անհանդուրժող» հասարակությանը՝ ֆորումի չեղարկման հարցում, մյուս կողմից՝ անմեղությամբ ներկայացնելով, թե ինչ մարդասեր կազմակերպություն են:

Սարսափելի է, երբ այդպես աղավաղում են իրականությունը: ԼԳԲՏ համայնքին ու նրանց պաշտպաններին պետք է ինչ-որ մեկը, ինչ-որ կառույց, որին դարձնում են իրենց դեմ պայքարող, որ հետո ասեն, թե մեզ հալածում են ու խտրականություն ցուցաբերում. Հայասատանը ժողովրդավար պետություն չէ: Այս սուբյեկտիվ եզրակացությունը ո՞ւմ է ձեռնտու: Ինչքան մտածում եմ՝ ոչ մեկի, բացի թշնամուց: Հիմա դուք այլ անուն դրեք այն մարդուն, կամ մարդկանց, ովքեր իրենց ազգային ու պետական արժանապատվությունը կարող են ծախել հանուն գրանտների:

Ուստի՝ թշնամին դեմք չունի, քաջություն չունի, սեռ չունի, պատկանելիություն չունի և կեղծ համամարդկային արժեքների քարոզմամբ քողարկում է սեփական արժեքներ ու սկզբունքներ չունենալը, ուստի իր գոյությունը փաստելու համար մնում է ստել, խեղաթյուրել, աղճատել ու սուրբ ձևանալ: Այսպիսի մարդկանցից, գուցե, ավելի պետք է զգուշանալ, քանի որ թուրքը լավ կամ վատ, գոնե, իր դեմքն ունի, արժեքներ ունի, պատկանելիություն ունի, հավատք ունի…

Հիմա ամենամեծ սուտը. Հայաստանում մարդու իրավունքների այդքան սարսափելի վիճակն, ինչպես այս նոր սերունդն է վկայում, իրականում չափազանց ուռճացված է, ու պետք չէ ձևանալ մարդասեր կազմակերպություն, ցույց տալով, որ միայն դուք եք մտածում մարդու իրավունքների մասին: Քրիստոնյա գեյ ՉԻ ԼԻՆՈՒՄ: Ինչպե՞ս կարելի է պաշտպանել մի բան, որ գոյություն չունի:

Համասեռամոլությունը, դուք ասեք նույնասեռություն, պղծություն է, հիվանդություն, որը պետք է բուժել, ոչ թե այդ մարդկանց վառել: Իսկ եթե չեն ուզում բուժվել, ոչ ոք իրենց չի ստիպում, բայց մեզ էլ թող չասեն նորմալ վերաբերվեք այս մոլությանը: Դա էլ իմ իրավունքն է: Ես կոչ չեմ անում համասեռամոլներին այրել ու սպանել, բայց կոչ եմ անում այդ ախտը չարդարացնել՝ հիմնովին այն մերժելով, ոչ թե հանդուրժելով:

Խեղաթյուրում են քրիստոնեական մարդասիրությունն՝ ասելով, որ քրիստոնյան հոմոֆոբ է: Սիրելիներս, ձեր գրասենյակում սրբապատկերների անկյունն եք ցույց տալիս ու ասում, որ քրիստոնյաները հոմոֆո՞բ են: Հասկանում եմ, որ դա էլ սուրբ ձևանալու միջոց է: Բայց, գուցե, նախ պետք է սովորե՞ք քրիստոնյա բառի իմաստը ու դրանից հետո միայն կհասկանաք հոմոֆոբ բառի իմաստը: Դուք ոչ նա գիտեք, ոչ մյուսը: Ասում եք ընտանիք չեք քանդում՝ հայտարարելով, թե կուսությունը չարիք է…Ո՞վ է այս անմտությունը դրել շրջանառության մեջ, երիտասարդությո՞ւնը: Հետաքրքիր պարադոքս է, երբ մի անբարոյական նման արտահայտություն է անում, ուրեմն դա երիտասարդության կարծիքն է, իսկ երբ մեկ ուրիշը համարում է, որ կուսությունը բարոյական արժեք է, ասում եք՝ հետամնաց է: Չասեք, թե ախր շատ կույսեր կան, որ հոգով անբարոյական են, դա ես էլ գիտեմ, սակայն մի կողմից դա արդարացում չէ անբարոյական լինելու, իսկ մյուս կողմից՝ կուսություն ասելով ես միայն ֆիզիկական վիճակը նկատի չունեմ:

Քաջության մասով. եթե իրապես հավատում եք այն ամենին, ինչ ասում եք, ու մարդը ձեզ համար բացարձակ արժեք է, ինչի՞ց եք վախենում, ինչո՞ւ եք ծպտված գործում, ինչո՞ւ եք մարդկանց սպառնում, թե եվրոպական կառույցներին կբողոքեք, որ վիզաներ այդ մարդկանց չտան: Եթե այդ վիզայի գինը միայն եվրոպայով ու դոլարով չի որոշվում ու իմ պատկանելիության արժեքն ունի, ուրեմն ես Հայաստանի վիզան եմ ուզում:

Խոսում եք իրավունքների խախտումից, իսկ դիտավորյալ քրիստոնեական տեսակետները խեղաթյուրելն ու սուտը եկեղեցու հավատացյալների իրավունքների խախտում չէ՞:

Ի վերջո, պարզվում է՝ ամեն ինչի նորը նոր չէ, ու սա էլ մեր նոր սերունդը չէ: Ես կարող եմ հասկանալ երիտասարդի այն ձգտումը, որ չի ցանկանում ուրիշի նման լինել: Այո, բայց խնդիրն այս է՝ ուրիշին նման չես, ո՞ւմ նման ես… ու այստեղ «օգնում» է ոչինչ չասող «նոր սերունդ» ձևակերպումը: Նոր սերունդ ենք ու վերջ…

Քրիստոնեությունն էլ սովորեցնում է՝ ինքդ քեզ նման եղիր:

Եսայի քհն. Արթենյան

Qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս