
Ինդոնեզիայում 40 հազար տարեկան վիմափոր նկարներ են գտել

Հնագետները Ինդոնեզիայի Կալիմանտան կղզու քարանձավում հայտնաբերել են, հնարավոր է, ամենավաղ շրջանի վիմափոր նկարները՝ շուրջ 40 հազար տարեկան: Այդ մասին ասված է Nature հանդեսում հրապարակված հաշվետվությունում:
Նշվում է, որ Ինդոնեզիայի Արեւելյան Կալիմանտանի նահանգի լեռնային քարանձավներում հայտնաբերվել է ֆիգուրային վիմափոր գեղանկարչություն, որի տարիքը հասնում է առնվազն 40 հազար տարվա: Նկարում պատկերված են կովեր հիշեցնող կենդանիներ: Հանդեսի տվյալներով՝ առայժմ դա աշխարհում ամենավաղ առարկայական պատկերն է:
Նաեւ գտնվել են ձեռքերի դաստակների տրաֆարետային պատկերներ, որոնց փորձաքննությունը ցույց է տվել, որ, հավանաբար, դրանք ստեղծվել են 40 հազարից մինչեւ 52 հազար տարի առաջ: Քարայրում նաեւ պահպանվել են ավելի ուշ շրջանի հազարավոր նկարներ, որոնք ստեղծվել են շուրջ 20 հազար տարի առաջ, որոնցում ներկայացված են մարդկային պատկերներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: